Փաշինյան. Եթե մեղադրանքներին նայենք, ուրեմն պիտի ես կախվեմ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ իջավ ու հանդիպեց կառավարության շենքի դիմաց առավոտից բողոքի ակցիա իրականացնող բանակում մահացած զինծառայողների ծնողների հետ։
Փաշինյանն ասեց՝ գրաֆիկի խնդիր ունի, եթե հնարավոր է հենց այդ պահին խոսեն ոտքի վրա։
«Զինվոր համակարգող խորհուրդ»-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը մինչ ցանկանում էր ներկայացնել խնդիրը, Փաշինյանն ասաց՝ տեղյակ է։
«Ես հացադուլ եմ հայտարարել։ Ինձ զոհվածների ծողները մեղադրում են, իբր ես ձեզանից 30 մլն դրամ արդեն ստացել եմ»,-ասաց նա։
«Էէէ, դե լավ, եթե մեղադրանքներին նայենք, ուրեմն պիտի ես կախվեմ, ոչ թե հացադուլ անեմ»,-ասաց Փաշինյանը։
Կառավարության ղեկավարը, երբ սկսեց խոսել, հետևի շարքում կանգնածները նրան չէին լսում, Փաշինյանն էլ հորդորեց հեռախոսով ֆեյսբուք մտնել ու դրա միջոցով լսել։
«2018 թվականին, երբ ես դարձա վարչապետ, Հայաստանի զինծառայողների պաշտպանության հիմնադրամը (Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ-խմբ.) վճարում էր 2017 թվականի հունվարի 1-ից հետո մարտական հերթապահության ժամանակ զոհված զինծառայողների համար։ Առաջին որոշումներից մեկը, որ կայացրինք մենք, 2014-ից վճարելն էր։
Որոշումը օգոստոսին էր, սեպտեմբերի 21-ին, երբ Եռաբլուրում էինք, մեզ մոտեցան շատ հարգելի սևազգեստ մայրեր, զոհված զինծառայողների մայրեր, ասացին՝ գիտեք՝ մենք խորապես վիրավորված ենք Ձեզանից։ Ասում եմ՝ բայց ի՞նչ եմ արել։ Ասում են, դուք երեք տարով ժամկետը հետ եք տարել, բայց մեր երեխաները, օրինակ, զոհվել են 2011 թվականին։ Ես իրենց ասացի, հարգելի մայրեր, ես բոլորի առաջ խոնարհվում եմ, բայց դուք չպետք է այդ որոշման մեջ վիրավորանք տեսնեք, այլ տեսնենք, որ այս պահին կառավարությունն այդպիսի քայլէ արել, գնում է այդ ուղղությամբ»,-ասաց կառավարության ղեկավարն ու նշեց, որ դրանից 7-8 ամիս անց որոշում է կայացվել վճարել 2008 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի համար։
Փաշինյանն ասաց, իրենց խնդիրն է, որ հիմնադրամից վճարումներ ստանան նաև 90-ականներին զոհված զինծառայողների ընտանիքները։
«Դրա համար պետք է, որ աշխատատեղերը գրանցվեն։ Այս տարի մենք արդեն գրանցել ենք 65 հազարից ավելի աշխատատեղ։ Ձեր ռեակցիան պետք է լինի այն, որ ինչ լավէ կառավարություն է ձևավորվել, որը հարցերը հերթով լուծելով գնում է։ Ես ամաչում եմ, որ հիմա նման հարց ենք քննարկում»,-ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ ակցիայի մասնակից ծնողներին հակադարձել չի կարող, ճիշտ են ասում, բայց խնդրեց չանել այնպիսի քայլեր, որ իրենք մտածեն՝ ավելի լավ է՝ ոչ մի հարց չլուծեն։
Հարակից հրապարակումներ`
- Մարգարիտա Խաչատրյանը հացադուլ հայտարարեց
- Լարված իրավիճակ. Մարգարիտա Խաչատրյանը փակել է կառավարության շենքի մուտքը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան