Կողմնորոշվեք, շախմատը զարգացնո՞ւմ եք, թե՞...
Դպրոցում շախմատ առարկայի պարտադիր ուսուցման նպատակահարմարությունը կասկածի տակ է դրվել։ Այս ուսումնական տարվա մեկնարկին այն քննարկելու մասին հայտարարություն էր տարածել Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։
Հայտարարության մեջ քննարկումներ նախաձեռնելու համար որպես հիմք նշվում է շախմատիստների ու դպրոցականների ծնողների կողմից իրենց հասցեագրված մտահոգությունները։
Շախմատի խնդիրներ լուծելը հեշտ չէ, բայց դրա գինն առարկայից հրաժարվելը չպետք է լինի, կարելի է այն չգնահատել, տնային աշխատանք չհանձնարարել և այլն։ Թե չէ վաղն էլ ծնողներն ու քիմիկոսները կարող է մտահոգվեն, որ քիմիայի առարկան սովորելուց են դժվարանում։ Դրա պարտադիր ուսուցման նպատակահարմարությունն էլ հո չե՞ն կարող քննարկել։
Քննարկումների ընթացքի ու այլ հարցերի մասին տեղեկանալու համար Մ. Հայրապետյանին ուղղված Panorama.am-ի զանգերն անպատասխան մնացին։
Մինչ այստեղ նման քննարկում են մտմտում, համանուն նախարարությունը հաղորդագրություն է տարածում «դպրոցականների շրջանում շախմատ մարզաձևի զարգացումը խթանող» միջոցառման մեկնարկի մասին։
7 երկրից 100 դպրոցականներ Ծաղկաձորում են, առաջնությունը մեկնարկել է այսօր, Հայաստանի պատվիրակության մասնակցությունն էլ ֆինանսավորում է նախարարությունը։ Թե ինչքան գումարի մասին է խոսքը, նախարարին մամուլի խոսնակը չի պատասխանում, մանրամասնում է, գումարների մասին հարցերը գրավոր պետք է տրվեն։ Առաջնությունն այս ձևաչափով անցկացվում է առաջին անգամ։
«Առաջնությունը նպատակ ունի դպրոցականների շրջանում խթանել շախմատ մարզաձևի զարգացումը, նպաստել դպրոցներում պատանիների և աղջիկների հավաքական թիմերի ստեղծմանը, դպրոցականներին նախապատրաստել միջազգային մրցումներին և ամրապնդել դպրոցներում «Շախմատ» առարկայից ստացած գիտելիքները»,-նշում են նախարարությունից։
Օրինսդիրում չգիտե՞ն, թե ինչ է անում գործադիրը։ Ամեն դեպքում, գործադիրում գիտեն օրենսդիրի ներկայացուցչի հայտարարության մասին, բայց կապ չեն հաստատել նրա հետ։
Ինչ վերաբերում է Մխիթար Հայրապետյանի հայտարարությանն ու դրա վերաբերյալ Արայիկ Հարությունյանի կարծիքին, մամուլի խոսնակը՝ Անժելա Կժդրյանն ասաց.
«Այս պահին նման հարց, թե ո՞ր առարկան է նպատակահարմար, որը՝ նպատակահարմար չի, հենց այդ ձևակերպմամբ դրված չէ։ Մենք հիմա փոխում ենք հանրակրթության չափորոշիչները, որից հետո նախատեսվում է ծրագրերի ու դասագրքերի վերանայում։ Տարբեր առարկաներ թե ինչ ձևով ներկայացված կլինեն ծրագրերում, այս պահին ասել չեմ կարող, որովհետև աշխատանքային խումբը դեռ աշխատանքային գործընթացում է։ Այդ հարցը հանրակրթական չափորոշիչների համատեքստում է լուծվելու»։
Շախմատը հայաստանյան դպրոցներում դասավանդվում է 2-4-րդ դասարաններում։ Մի առիթով միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանն ասել էր. «Մենք միշտ սովոր ենք ներմուծել կրթական գաղափարները և ծրագրերը դրսից, օրինակել արտերկրի լավագույն փորձերը: «Շախմատը դպրոցում» ծրագիրը մեր արտադրանքն է, որը կարող ենք արտահանել՝ որպես կրթական ծրագիր: Սա մեզ հպարտանալու առիթ է տալիս, իսկ հպարտությունը բազմապատկվում է, երբ այս ծրագրից ունենում ենք նաև տեսական արդյունքներ»։
Առանց գնահատականների ու մեկնաբանությունների մի քանի մեջբերում միջազգային մամուլից՝ շախմատը դպրոցներում դասավանդելու կապակցությամբ։ Լրատվամիջոցները շախմատի դասավանդումից զատ հիշում են հայաստանցի չեմպիոների և ընդհանրապես Հայաստանի մասին։
«Հայաստանն ունի ամենահավակնոտ դպրոցական շախմատ ծրագիրը աշխարհում»։
«Հայաստանյան այս ծրագիրը մեծ պոտենցիալ ունի»։
«Հայաստանի իշծանություններն ասում են, շախմատ սովորեցնելւ բնավորություն է կերտում, ոչ թե չեմպիոներ ստեղծում»։
«Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որ շախմատը ներառել է ազգային ուսումնական ծրագրում»։
Հարակից հրապարակումներ`
- Հայ տղան՝ մինչև 14 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն
- Մխիթար Հայրապետյան. Քննարկվելու է «Շախմատ» առարկայի պարտադիր ուսուցման նպատակահարմարությունը
- Հայաստանում կանցկացվի Դպրոցականների շախմատի աշխարհի առաջին առաջնությունը
- Շախմատի պատանեկան ԵԱ. Հայաստանի 3 ներկայացուցիչ առաջատարների թվում է
- «Միջազգային մամուլում Հայաստանի մասին հիշատակումները շատ հաճախ վերաբերում են «Շախմատը դպրոցում» ծրագրին»