ԱՄՆ-ը ու Արաբական լիգան հորդորում են Թեհրանին հրաժարվել Եմենի ապստամբներին աջակցելու քաղաքականությունից
Չնայած այն հանգամանքին, որ Եմենում հութի ցեղի ապստամբ մի խմբավորում է իր վրա վերցրել Սաուդյան Արաբիայի նավթամշակման գործարանների վրա իրականացված հարձակման պատասխանատվությունը, Վաշինգտոնը հավատացած է, որ հրթիռներն արձակվել են Իրանից։ Նախագահ Թրամփն էլ հրահանգել է ֆինանսների նախարարությանը խստացնել Թեհրանի նկատմամբ ֆինանսական պատժամիջոցները։ Ռազմական հարված հասցնելու իր նախկին սպառնալիքի մասին խոսելով՝ Թրամփն ասել է, թե առայժմ չի ուզում շտապել։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Թրամփի խոսքերով դա սկսելը շատ հեշտ է, և «եթե զգանք, որ հարկավոր է դիմել այդ քայլին, մենք կդիմենք այդ քայլին»։ Ինչպես Թրամփի ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդական Ռոբերտ ՕԲրայընն է ասում, Թրամփին իր խորհուրդներն այս մասին լինելու են գաղտնի։ ՕԲրայընն այս պաշտոնում փոխարինում է Ջոն Բոլթոնին, ում Թրամփը պաշտոնից ազատեց անցյալ շաբաթ։ Մինչ նոր պաշտոնը զբաղեցնելը, ՕԲրայընը եղել է Պետդեպարտամենտում պատանդների հարցերով նախագահի դեսպանորդը։
Վերադառնալով Սաուդյան Արաբիայում իրականացված պայթյուններին, նշվում է, որ այս երկրի պաշտպանության նախարարության խոսնակի խոսքերով, իրենք ունեն բավարար փաստեր այն մասին, որ հարձակումներն իրականացրել է Իրանի Հեղափոխական գվարդիան և որ իրենք այդ տվյալները հանձնելու են ՄԱԿ-ին։
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ իշխան Մոհամեդ բին Սալմանի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն Արամկոյի նավթամշակման գործարանի ավերումն անվանել է «Իրանի կողմից պատերազմական գործողություն»։
Ինչ վերաբերում է Իրանին, ապա այն հերքում է բոլոր մեղադրանքները, իսկ Եմենի հութի ցեղի ապստամբ խմբավորումը՝ հայտարարում, որ իրենք արդեն ունեն ռազմական լուրջ կարողություններ, և որ հարձակումներն իրականացրել են իրենք։
Արաբական լիգայի առաջնորդները հորդորում են Իրանին՝ դադարեցնել Եմենի ապստամբներին ֆինանսական ու զենքեր մատակարարելու միջոցով աջակցությունը, և Եմենում արդեն չորս տարի շարունակվող հակամարտությունը փաստացիորեն համարում պատերազմ Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև։
Հարակից հրապարակումներ`
- Սաուդյան Արաբիա․ Նավթային օբյեկտների վրա հարձակման մեջ ներգրավված է Իրանը
- ԱՄՆ-ը պատրաստ է Սաուդյան Արաբիայի նավթի օբյեկտների վրա հարձակում իրականացրածների դեմ գործողությունների
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան