«Հայության դերը Լիբանանում շատ մեծ է եղել ու հիմա էլ մնում է»
«Արևելք»-ը զրուցել է վերջերս Բեյրութ այցելած Արմինե Կարապետյանի հետ։ Նա նշել է, որ Հայաստանի հետ շատ նմանություններ ունի՝ հասարակության կտրուկ շերտավորումը, կամ աղքատներ էին, կամ հարուստներ, դժվար էր տարբերակել միջին խավը, ուշ ժամին ընտանիքները երեխաների հետ զբոսնում էին, ինչն ապահովության երաշխավության մասին է վկայում, իսկ ամենակարևորը՝ զգացել է ջերմություն, ինչպես Հայաստանում։
-Ի՞նչ ծրագրով մեկնեցաք Պէյրութ եւ ի՞նչ էր այցելութեան ծրագրին գլխաւոր նպատակը:
-Լիբանան այցելութիւնս անձնական ցանկութեան արդիւնք էր, այսինքն ոչ մի ծրագրի միջոցով չեմ գնացել: Ուղղակի երկար ժամանակ կ'երազէի Լիբանան գնալ եւ այս տարի հնարաւորութիւնը ունեցայ ու բաց չթողեցի:
-Ինչպէ՞ս գտաք լիբանանահայութիւնը, ինչպէ՞ս էր անոնց կեանքը, կենցաղը, ինչպիսի՞ն էր լիբանանահայութեան ընդհանուր իրավիճակը:
-Ցաւօք լիբանանահայութեան հետ այդքան շատ շփում չունեցայ, միակ շփումը որ ունեցայ հայ վարորդի հետ էր, որ մեզ ուղեկցում էր, եւ երկրորդը՝ Պուրճ Համուտի Ժագ Ղազարեանը՝ «Փուռ Ղազար»ի սեփականատէրը: Երեւի ամենաակնյայտ երեւոյթը, որ զգացի այս երկու մարդկանց հետ շփուելուց, յուսահատութիւնն էր եւ անորոշութիւնը ապագայի նկատմամբ: Իրականում ինձ համար շատ ցաւոտ էր որ այդտեղի հայութիւնը արտագաղթում է, ճիշդ է վերջնական հանգրուանը հայրենիք Հայաստանն է, բայց հայութեան դերը Լիբանանում շատ մեծ է եղել ու հիմա էլ մնում է. Ուղղակի հայութեան թվաքանակի նուազեցումը Լիբանանում ինձ համար մի փոքր տխրութիւն է յառաջացնում:
-Գիտենք որ Պէյրութի մէջ Պուրճ Համուտը հայութեան համար կարեւոր կեդրոն է: Ի՞նչ տպաւորութիւն ստացաք, երբ Պուրճ Համուտ այցելեցիք, ի՞նչ փորձառութիւն ապրեցաք Պուրճ Համուտի մէջ, ի՞նչն էր որ ձեր ուշադրութիւնը գրաւեց եւ մանաւանդ ի՞նչ էր Պուրճ Համուտի բնակիչներու վերաբերմունքը ձեր հանդէպ։
-Պուրճ Համուտը շատ հետաքրքիր (հետաքրքրական) էր մանաւանդ իր բազմազանութեամբ, մինչ այցելելս ինձ թւում էր, որ Պուրճ Համուտը միայն հայերի ապաստանն է, շատ հետաքրքիր էր տեսնել հայերի կողքին եթովպիացիների առկայութիւնը, քանի որ ինչպէս գիտենք հայերն ու եթովպիացիները ընդհանուր պատմութիւն ունեն, մասնաւորապէս կրօնի առումով:
Պուրճ Համուտից յետոյ ես այցելեցի փախստականների Շաթիլա գաղթակայանը, քանի որ շատ է ինձ հետաքրքրում պաղեստինցիների հարցը եւ հենց պաղեստինցիները. ամբողջ Շաթիլա այցելութեան ընթացքում մտածում էի այն մասին, թէ ի՞նչ կը լինէր եթէ այդ պահին մենք անկախ հայրենիք չունենայինք եւ ի՞նչ կը լինէր իրավիճակը այդ պարագայում Պուրճ Համուտի, երեւի հայրենիքի գիտակցութիւնը էս աստիճանի չեմ ունեցել նոյնիսկ Ապրիլեան պատերազմի ընթացքում, համեմատելով թէ այս պահին Շաթիլա ճամբարում ինչ պայմաններում են ապրում ու գոյատեւում պաղեստինցիները։
Որպէս հայաստանցի վերաբերմունքը մի քիչ տարօրինակ էր ու շատ նորմալ եմ դա հասկանում լիբանանահայերի կողմից. ժամանակ էր պահանջուում որպէսզի բացատրեմ թէ ինչի համար եմ եկել Լիբանան, դժուար էր իրենց համար ընկալել, որ լինում են դէպքեր երբ հայաստանցին Լիբանան գալիս է ոչ թէ օգնութիւն ստանալու կամ խնդրելու նպատակով, այլ որպէս թուրիսթ:
- Արեւելքի մասին տարբեր վերլուծումներ կը լսուին. յաճախ կ'ըսուի, որ քրիստոնեաներու եւ փոքրամասնութիւններու ապագան վտանգուած է այդ երկիրներուն մէջ, դուք այդպիսի բան շօշափեցի՞ք:
-Ընդհանրապէս Մերձաւոր Արեւելքում անշուշտ նկատում ենք քրիստոնեաների թվի նուազումը, բայց կարծում եմ Լիբանանում նման իրավիճակը կապուած է տնտեսական գործօնով, եւ ոչ թէ քաղաքական դրդապատճառներով, սա որպէս դրսի մարդ եմ ասում որը ներսի բարքերն ու կանոնները դեռ լաւ չի ուսումնասիրել:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում