Երևանում հանդես է գալու ֆրանսիացի մեգա-աստղ թավջութակահար Գոտիե Կապյուսոնին
«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Երևանում հանդես է գալու ֆրանսիացի մեգա-աստղ թավջութակահար Գոտիե Կապյուսոնին: Նա առաջին անգամ կներկայանա հայ հանդիսատեսին դասական երկացանկի գեղեցկագույն երկու ստեղծագործությունների կատարումով. Չայկովսկու Ռոկոկո Վարիացիաները և Սեն Սանսի թիվ 1 կոնցերտը կհնչեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Գոտիե Կապյուսոնի համերգը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին, ժամը 20:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Այս մասին հայտնում են փառատոնի մամուլի ծառայությունից։
Գոտիե Կապյուսոնը քսանմեկերորդ դարի թավջութակի իրական դեսպանն է: Նա Բեռլինի, Վիեննայի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ, Չիկագոյի, NHK Ճապոնիայի, Սիդնեյի, Լոնդոնի, Մյունխենի, Փարիզի սիմֆոնիկ նվագախմբերի մենակատարն է:
Գոտիե Կապյուսոնը կամերային համերգներ է նվագում Լիզա Բատիաշվիլիի, Ժան-Իվ Տիբոդեի, Յուջա Վանգի, Մարթա Արգերիխի, Լեոնիդաս Կավակոսի հետ այնպիսի հանրահայտ համերգային դահլիճներում, ինչպիսիք են Քարնեգի համերգասրահը, Ուոլթ Դիզնեյ համերգասրահը, Էքս ան Պրովանսը և Վիեննայի Մուզիքֆերայնը։ Նա մշտապես համագործակցում է աշխարհահռչակ դիրիժորներ Լիոնել Բրենգյեի, Սեմյոն Բիչկովի, Գուստավո Դուդամելի, Շառլ Դյուտուայի, Քրիստոֆ Էշենբախի, Անդրես Օրոսկո-Էստրադայի, Վալերի Գերգիևի, Անդրիս Նելսոնսի և Յաննիք Նեզե-Սեգենի հետ։ Լայնածածավալ է նաև երաժշտի համագործակցությունը ժամանակակից կոմպոզիտորների հետ:
Կապյուսոնը Փարիզի «Louis Vuitton» հիմնադրամի Ֆրանկ Գերիի նախագծած նոր համերգասրահում գործող «Թավջութակի գերազանցության կենտրոնի» հիմնադիրն ու ղեկավարն է: Գոտիե Կապյուսոնը նվագում է 1701 թվականի Մատեո Գոֆրիլեր թավջութակով, որն աշխարհում հայտնի է իր բացառիկ հնչեղությամբ: Կապյուսոնը Վալենսիայի նվագախմբի այս համերգաշրջանի մշտական հրավիրյալ մենակատարն է։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան