Իսրայել պետությունը ջերմորեն ողջունում է Հայաստանի որոշումը՝ Իսրայելում դեսպանություն բացելու վերաբերյալ
Իսրայելական մամուլը լայնորեն անդրադարձել է Իսրայելում դեսպանություն բացելու Հայաստանի կառավարության նախօրեին ընդունած որոշմանը։ Որոշ ԶԼՄ-ներ այն ներկայացրել են որպես «Breaking-News»։
Հատուկ հայտարարությամբ է հանդես եկել նաև Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը, հայտնելով, որ Հայաստաը որոշել է մոտ ապագայում դեսպանատուն բացել Թել Ավիվում։
Նախատեսվում է, որ դեսպանությունը կբացվի «հնարավորինս ամենավաղ ժամանակում՝ 2019-ի վերջին և 2020թ․-ի սկզբին։
«Այս որոշումը շատ լավ արտացոլում է անցած տարվա ընթացքում երկու պետությունների միջև երկկողմ հարաբերությունների զգալի առաջընթացը։ Դեսպանատան բացումը երկկողմ հարաբերությունների նոր և կարևոր փուլ է, և մենք վստահ ենք, որ սա էլ ավելի կամրապնդի երկու ժողովուրդների միջև բարեկամությունը և կխթանի երկրների միջև համագործակցությանը բոլոր ոլորտներում», - ասվում է Իսրայելի ԱԳ նախարարության հայտարարության մեջ:
Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը ևս ողջունել է Հայաստանի մտադրությունը՝ որպես «նշանակալից քայլ» երկկողմ հարաբերությունների համար, նշելով, որ Հայաստանի դեսպանատունը կլինի Իսրայելում 90-րդ դեսպանատունը:
«Վստահաբար, սա վկայում է աշխարհում Իսրայելի ամրապնդվող դիրքի կայուն աճի մասին: Մենք կշարունակենք աշխատել Իսրայելի միջազգային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ», - ասել է Կացը։
Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992-ի ապրիլին: Իսրայելը 2017-ին նշանակել է Հայաստանում ոչ ռեզիդենտ դեսպան, որի նստավայրը Երուսաղեմն է:
Ինչպես գրում է Times of Israel-ը, Երուսաղեմի և Երևանի միջև կապերը ամուր են, չնայած Իսրայելն անընդհատ մերժում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որը կատարել են օսմանյան թուրքերը մեկ դար առաջ:
The State of Israel warmly welcomes the decision of the Government of the Republic of #Armenia to open an Embassy in Israel