Կուռմադդումների արվեստի աշխարհում
Կուռմադդում՝ կուռ (ամուր) կաղապար ունեցող դդում, դեկորատիվ կիրառական դդումներ։ Կուռմադդմե գրչաման, կուռմադդմե տիկնիկ, կուռմադդմե շերեփ, կուռմադդմե ծաղկաման, կուռմադդմե մրգաման ... Այս ամենը դդմարվեստի նմուշներ են. արվեստի մի յուրօրինակ և հետաքրքիր ճյուղ, որով զբաղվում է Հերիքնազ Խաչիկյանը։ Նա իր ձեռքով ցանում, մշակում է դդմիկները, չորացնում ու վերածում արվեստի գործերի։
«Դեռ մանկուց սիրել եմ բնական նյութերով աշխատել, հավաքում էի տարբեր նյութեր։ Դդմիկներն էլ մի անգամ տեսա։ Եթե աշխարհի մի ծայրում այն լուրջ արվեստ է, ամեն ինչ ստեղծում են դդմիկներով, առանց իմանալու այս մասին, ես մտածեցի, որ դդմիկներով կարելի է ինչ-որ բան ստեղծել։ Սկզբնական շրջանում չգիտեի, թե ինչպես անել, ինչպես չորացնել։ 5-6 տարվա ընացքում ես ինքս բացահայտեցի ամեն ինչ՝ ինչպես մշակել, ինչպես կտրել, որ ճիշտ չորանան, չնեխի, ինձ համար գործիքներ եմ ստեղծել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հերիքնազը։
Հերիքնազի տատիկը պատմել է, որ Բագարանից իրենց նախնիները, մինչև գաղթը, հենց նման դդումների մեջ են պահել իրենց սնունդը թուրքերից։
«Դրանից հետո միտք առաջացավ, որ դրանք դարձնեմ նաև կիրառելի, իսկ մինչ այդ դդումների վրա միայն նկարում էի»,- նշեց նա։
Հերիքնազը նաև պարզել է, որ Եղեգնաձորում դրանցից գինու շշեր են պատրաստում, Արտաշատում լսել է, որ ժամանակին պատրաստել են շերեփներ։
«Շատ հետաքրքիր ֆորմա ունեն, ամեն ինչ կարելի է պատրաստել»,- ասաց Հերիքնազը։
Ներկայացնելով մինչև արվեստի գործ վերածվելու գործընթացը, նա նշեց, որ կուռմադդումը մեծ խնամք է պահանջում, մարդու նման նեղացկոտ բնավորություն ունեն, սիրում են, որ իրենց մշակությամբ, խնամքով նույն անձն է զբաղվում։
«Ցանելուց 7-8 ամիս հետո կարող ենք քաղել։ Սկզբում կանաչ է լինում գույնը, օդում կախում եմ թելով, որպեսզի չորանա։ Մեկ տարի է անհրաժեշտ չորանալու համար։ Ունենք չրանոցներ, դրանց մեջ եմ չորացնում, ավելի շուտ է չորանում։ Չորանալուց հետո դեղնում են։ Այն, ինչ պատկերացում եմ, որ պետք է պատրաստեմ, սկսում եմ կտրատել, ներսից հատուկ նյութերով մաքրում եմ, պատում եմ, որպեսզի կիրառելի լինի, մարդիկ կարողանան օգտագործել։ Հիմնականում մեկից չորս օր եմ աշխատում մեկ իրի վրա»,- ասաց նա։
Երիտասարդ արվեստագետը նպատակ ունի դդմարվեստը տարածել Հայաստանում։ Հերիքնազն ունցել է աշակերտներ, վարպետության դասեր է անցկացրել։ Ունեցել է նաև ցուցահանդեսներ։ Այժմ ցանկանում է բացօթյա ցուցահանդես կազմակերպել։
Դդմարվեստի նմուշները նաև վաճառվում են, Հերիքնազն ընդունում է պատվերներ։
«Միշտ մտածել եմ լավ հետք թողնելու մասին, ինչ անել, որ քո հայրենիքին, հայրենակիցներին, ապագա սերնդին լավ բան թողնես։ Դա է ամենակարևոր նպատակս յուրաքանչյուր աշխատանք ստեղծելիս, հանուն այդ ամեն ինչի»,- ասաց նա։
Հերիքնազը նաև պատմեց, որ Հայաստանում 19-րդ դարում դդումները բարի լուրի խորհուրդ են ունեցել. «Դդումները խաչանման կտրել են, ներսում մոմ դրել։ Հիսուսի ծննդյան նախօրեին՝ Ճրագալույծին, մարդիկ դրանք կախել են իրենց երդիկներից։ Բարի լուրն ավետող խորհուրդ է ունեցել։ Գյուղի երեխաները շրջել են, որ տան կտուրից այս դդմիկներց է կախված եղել, գնացել են, տան առաջ երգել են, մինչև տանտերը դուրս են եկել ու չիր-չամիչ նվիրել։ Այդպես տարածել են բարի լուրը»։
Հարակից հրապարակումներ`
- Տավուշցի կանանց ստեղծած բրենդը՝ «Թելիկ»
- «Ջևիկ» Միքայելյանների JEVO ապրանքանիշը
- «NaNi handmade» տիկնիկները՝ նաև ձեր նմանությամբ
- Ծովինար Սանը ներկայացնելու է հայկական զարդանախշերով ասեղնագործած հագուստներով տիկնիկներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան