Դատարանը թույլ տվեց, որ Սեյրան Օհանյանը մեկնի Գերմանիա
Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբաններ Ինեսա Պետրոսյանն ու Կարեն Մեժլումյանը դատարանին խնդրեցին իրենց պաշտպանյալին թույլ տալ բուժման նպատակով մինչև երկու շաբաթ ժամանակով Գերմանիա մեկնել։ Նրա զննումը պետք է իրականացվի հոկտեմբերի 21-ին առավոտյան ժամը 9-ին, իսկ մինչ այդ պետք է մուտքի թույլտվություն ստանալ։
Նրանք դատարանին ներկայացրեցին գերմանական բժշակական կենտրոնի հրավերքը, հավաստիացրեցին, յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ Օհանյանը պետք է անցնի պրոթեզավորման հետ կապված զննություն, որոնց արդյունքների հիման վրա ըստ անհրաժեշտության միջամտություններ են արվում։
Գործով մյուս ամբաստանյալների պաշտպանները չառարկեցին, մեղադրող դատախազներն առաջարկեցին թույլ տալ հանրապետությունից բացակայել երաշխավորությամբ։
Սեյրան Օհանյանն ասաց, իր ընտանիքը մնում է Հայաստանում, վերադառնալու է անպայման, կվերադառնա մինչև 15 օրվա ընթացքում։ Նա առաջարկեց, որ դատարանը դառնա երաշխավոր։
«Դատարանը թող երաշխավորի, ո՞ւմ ես գնամ խնդրեմ, որ երաշխավորի, և ինչի՞ համար գնամ խնդրեմ»,-ասաց Օհանյանը։
Դատարանը որոշեց, առկա է բացակայության հարգելի պատճառ, թույլ տվեց, որ Սեյրան Օհանյանը հանրապետությունից բացակայի հոկտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 4-ը։ Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Սեյրան Օհանյանն ասաց, որ բուժման նպատակով է գնում։
«Իմ պրոթեզի սպասարկման համար հրավեր եմ ստացել, կոնկրետ ժամկետ է նշված, յուրաքանչյուր երկու տարին մեկ մեկնում եմ պարբերաբար այդ խնդիրներն իրականացնելու համար։ Ես կյանքում ոչ մի բանից երբևէ չեմ խուսափել և ինչ հրավեր, փաստաթուղթ եղել է, ինքնակամ միշտ ներկայացել եմ։ Կասկածողները թող իրենք մտածեն՝ իրենք կարող են Հայաստանից հեռանալ, թե՞ ոչ»։
Հիշեցնենք, որ Ս. Օհանյանի նկատմամբ ընտրված է ստորագրություն հանրապետությունից չհեռանալու վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
- Սեյրան Օհանյանը՝ զինվորներին գումար վճարելու և որպես վարձկաններ օգտագործելու մասին
- Սեյրան Օհանյանը՝ Ռոբերտ Քոչարյանին. Համոզված եմ, որ ազատագրական պայքարին ինքնազոհաբերվող մարդը չի ընկրկի դժվարության առաջ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին