Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է իր 14-րդ համերգաշրջանը «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնով
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսում է իր 14-րդ համերգաշրջանը՝ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնով։
Նվագախմբի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ համերգաշրջանի ընթացքում Հայաստանում առաջին անգամ սիմֆոնիկ նվագախումբը կանցկացնի մեգանախագիծ՝ «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը՝ համախմբելով աշխարհի լավագույն կոմպոզիտորներին և ներկայացնելով նրանց երաժշտությունը։ Երևան կժամանեն Քշիշտոֆ Պենդերեցկին, Ցիգան Չենը, Գիա Կանչելին, Ալեքսեյ Շորը, Գեորգս Պելեցիսը, Կառլ Ջենկինսը, Ալեքսանդր Չայկովսկին, կոմպոզիտորներ, որոնք արարում են ժամանակակից դասական երաժշտությունը։
Համերգաշրջանի ընթացքում նվագախումբը կանցկացնի Խաչատրյանի միջազգային փառատոնը, որի հատուկ հյուրը կլինի համաշխարհային ճանաչում ունեցող ջութակահար Մաքսիմ Վենգերովը։ Իսկ ահա 2020 թվականի սկզբին նվագախումբը Մաքսիմ Վենգերովի հետ կմեկնի եվրոպական համերգային շրջագայության, որի ընթացքում ամենահեղինակավոր համերգային դահլիճներում կներկայացվեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Սակայն դրանք համերգաշրջանի միակ հյուրախաղերը չեն. սիմֆոնիկ նվագախումբը ելույթներ կունենա նաև Իտալիայում, Օմանում և սկանդինավյան երկրներում։
2020 թվականին անցկացվելիք Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը նվիրված է լինելու հայ դասական Ալեքսանդր Հարությունյանին։
Ջութակահար Մաքսիմ Վենգերովը նվագախմբի 14-րդ համերգաշրջանի ռեզիդենտ արտիստն է։ Համերգաշրջանի ընթացքում նվագախումբը հանդես կգա մեր ժամանակների ամենահայտնի մենակատարների հետ՝ Բորիս Բերեզովսկի, Մարիո Բրունելլո, Գիդոն Կրեմեր, Նարեկ Հախնազարյան, Լուսինե Խաչատրյան, Սվետլանա Նավասարդյան, Գևորգ Հակոբյան, Յուրի Բաշմետ, Ջոնաթան Սվենսեն և այլք։
Սեպտեմբերի 22-26-ը Երևանում կանցկացվի «Արմենիա» 3-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որը կհյուրընկալի հեղինակավոր մենակատարների և դիրիժորների աշխարհի տարբեր երկրներից:
Սեպտեմբերի 23-ին կայանալիք համերգը, որի ընթացքում հանդես կգա օպերային երգչուհի Աննա Կասյանը՝ ներկայացնելով արիաներ հայտնի օպերաներից, նվիրված է Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձին։
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։