«Իմ Ձայնը». Տարբերակված փոխհատուցում
Այս տարվա օգոստոսին կառավարությունը հայտարարեց, որ 2008թ.–ի մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով տուժածներին ու նրանց իրավահաջորդներին կտրամադրվի փոխհատուցում։
2008թ. մարտի 1-2-ին տեղի ունեցած բախումների ժամանակ զոհված քաղաքացիների ընտանիքների անդամներին եւ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու համար պետական բյուջեից կհատկացվի 720 միլիոն դրամ: Զոհված քաղաքացիների հարազատներին որպես աջակցություն միանվագ կտրվի 30 մլն ՀՀ դրամ, առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 մլն ՀՀ դրամ, առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5 մլն ՀՀ դրամ:
Իհարկե մարտի 1-ի զոհերի ընտանիքներին նյութական փոխհատուցում տրամադրելն արդարացի է, սակայն արդարացի չէ մեկ այլ հանգամանք։ 2016թ․ հայտնի Սարի թաղի դեպքերի ժամանակ, երբ մարդիկ քաղաքացիական ակցիա էին իրականացնում, ևս եղան տուժածներ, մասնավորապես ցույցի դուրս եկած, այն ժամանակ դեռ անչափահաս՝ 17-ամյա Սայաթը կորցրեց իր աչքը։ Այստեղ հարց է առաջանում, թե ինչո՞ւ Սայաթը չի ստանա նյութական փոխհատուցում և Կառավարությունը նրանից ներողություն չի խնդրում։ Կառավարությունը այս և նման այլ դեպքերի համար նյութական փոխհատուցում տալու մասին լռում է և ծրագրերում այդպիսի որոշումներ չկան։
Դրան զուգահեռ՝ երեք հասարակական կազմակերպություններ՝ «Զինվոր» ՀԿ, «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ և «Մեզ բացակա չդնեք» ՀԿ-ն հայտարարություն տարածեցին, որով արդարացիորեն առաջարկում են 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով զոհվածների աջակցության չափորոշիչները տարածել նաև զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների նկատմամբ: Արդարացիորեն, քանի որ այդ զինվորները զոհվել են՝ պաշտպանելով հայրենիքը, զոհվել են՝ ծառայելով հայրենիքին, իսկ պատերազմը դեռ շարունակվում է։ «Զինվոր» ՀԿ-ի նախագահը իր խոսքում նշեց հետևյալը ․ «Մենք հին ու նոր զինվորներ չունենք, մայրը նույն մայրն է որ ապրում է կորցրած որդու վշտով, իսկ հենց այս խնդրի հետ կապված արդեն 4-րդ դիմումը Կառավարությունը անպատասխան է թողնում»։
Եթե զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին կառավարությունը չտրամադրի միատեսակ նյութական փոխհատուցում, ապա արդյունքում կառաջանա առնվազն տրամաբանական մեկ այլ հարց․ ի՞նչ պատճառով է ներկայիս կառավարությունը այս կերպ առանձնացնում հենց մարտի 1-ի զոհերի դեպքը, որքանո՞վ է արդարացի առանձնացնել, տարբերակել զոհվածների ընտանիքներին նյութական փոխհատուցման հարցում։ Արդյո՞ք սրանով իշխանությունը կրկին չի փորձում քաղաքական դիվիդենտներ շահել և հուզական տրամադրություններ ստեղծել, էլ ավելի շիկացնելով մարտի 1-ի դատավարության շուրջ ստեղծված առանց այն էլ առկա սուր վիճակը։
Հրանտ Մարգարյան
«Իմ Ձայնը» ՀԿ
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ են կոծկում մարտի 1-ը. «Իմ ձայնը» ՀԿ
- Մարգարիտա Խաչատրյանը հացադուլ հայտարարեց
- Լարված իրավիճակ. Մարգարիտա Խաչատրյանը փակել է կառավարության շենքի մուտքը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին