Լեգենդար դերասանուհի Սոֆի Լորենն 85 տարեկան է
«Խելացի կանանց տղամարդիկ նկատում են, գեղեցիկներին՝ ամբոխներից առանձնացնում և միայն հմայիչներին՝ չեն մոռանում». այս խոսքերի հեղինակը լեգենդար դերասանուհի Սոֆի Լորենն է։
Այսօր համաշխարհային աստղ, Իտալիայի ամենագեղեցիկ կինը՝ Սոֆի Լորենը, իր ծննդյան 85-ամյակն է տոնում։
Պատկառելի տարիքում էլ նա չի կորցնում իր կանացի հմայքն ու գեղեցկությունը, տարիները միայն ավելացնում են նրա գրավչությունը:
Սոֆյա Շիկոլոնեն ծնվել է Հռոմում, 1934 թվականի սեպտեմբերի 20-ին։ Նրա ծնվելուց քիչ անց ընտանիքը տեղափոխվում է Նեապոլից քիչ հեռու գտնվող փոքրիկ ձկնորսական Պոցցուոլի ավանը, որտեղ անցնում է Սոֆիայի մանկությունը և պատանեկությունը։ Պատանի տարիքում նրան անվանում էին «Ստեկկետտո», որը թարգմանաբար նշանակում է «Ձողիկ»՝ բարձր հասակի և նիհարության պատճառով։
Փառքի ճանապարհին առաջին աստիճանը հանդիսացավ 14 տարեկանում տեղական գեղեցկության մրցույթում հաղթանակը։ 1950 թվականին մասնակցում է «Միսս Իտալիա» մրցույթին, որտեղ արժանանում է «Միսս Վայելչություն» մրցանակին, որը հանձնաժողովի կողմից ստեղծվել էր հատուկ նրա համար։
Հերթական մրցույթին մասնակցելու ժամանակ նա ծանոթանում է պրոդյուսեր Կառլո Պոնտիի հետ, որը նրանից մեծ էր քսաներկու տարով։ Կարլո Պոնտին դառնում է նաև Լորենի կյանքի ուղեկիցն ու նրա երկու որդիների հայրը:
1950-ակաների Սոֆիան դառնում է Իտալիայի աստղ և սեքս խորհրդանիշ։ Սկզբում դերասանուհին նկարահանվում էր Սոֆիա Լադզարո (իտ. Lazzaro) կեղծանունով, սակայն 1953թ-ին, Պոնտիի պնդմամբ, այն փոխում է Լորենի հետ։ Լորենի առաջին ֆիլմը, որը վարձութ է դուրս եկել երկրի սահմաններց դուրս, եղել է «Աթթիլա» («Attila», 1954 թվական) ֆիլմը՝ Էնթոնի Քուինի հետ։
Լորենին մեծ ճանաչում է բերում Վիտորիո Դե Սիկի «Նեապոլի ոսկիները» կինոնկարը: Ռեժիսորն օգտագործում է ոչ միայն դերասանուհու գեղեցկությունն ու նեոպոլիտական վառ խառնվածքը, այլև ստիպում է աշխատացնել միտքը, դիտողականությունն ու կյանքի փորձը: Սոֆին դառնում է Վիտորիոյի սիրելի դերասանուհին, իսկ վերջինս Սոֆիի սիրելի ռեժիսորը: «Վիտորիոն ստեղծեց Սոֆի Լորենին»,- խոստովանել է դերասանուհին:
Շուտով թագուհի Էլիզաբեթի հրավերով Սոֆին գնում է Անգլիա: Ապա նրան հրավիրում են Գերմանիա: Եվ վերջում` իհարկե երազանքների Հոլիվուդ: «Կիրք և հպարտություն», «Տղան դելֆինի վրա» ֆիլմերի գլխավոր դերակատարումը Սոֆիին փառք ու հարստություն են բերում: Հոլիվուդը նրան սեքս-խորհրդանիշ էր ցանկանում դարձնել, սակայն Սոֆին դրան չէ, որ ձգտում էր: Նրա համար ամենակարևորը ստեղծագործական ազատությունն էր:
Ամերիկայից վերադառնալուց հետո նա շարունակում է հաջողությամբ նկարահանվել Եվրոպայում: Նրա մասնակցությամբ նկարահանված «Չոչարա» կինոնկարը տարբեր կինոփառատոններում պարգևների է արժանանում: Այդ դերակատարման համար նրան շնորհում են «Օսկար» մրցանակ։ Դա առաջին դեպքն էր, որ տվյալ անվանակարգում մրցանակը շնորհվում էր այն կինոնկարի համար, որը նկարահանվել էր ոչ անգլերեն լեզվով։
Բազմաթիվ կինոնկարներում Լորենի զուգընկերն է եղեղ Մարչելո Մաստրոյանին: Այս զույգը դարձել է կինոյի պատմության մեջ ամենահայտնի դուետը:
Լորենը վերադառնալով հայրենիք ամուսնանում է Կառլո Պոնտիին, ով հետագայում նրա պրոդյուսերն է դառնում: Այս ամուսնությունը բարեհաջող է լինում ոչ միայն Սոֆիի համար, այլ նաև հենց Կառլոյի, ով դառնում է համաշխարհային մասշտաբի պրոդյուսեր: 1968 թվականին ծնվում է նրանց երկար սպասված որդին՝ Կառլո Պոնտի-կրտսերը, իսկ չորս տարի հետո ծնվում է երկրորդ որդին` Էդուարդոն:
Սոֆի Լորենը մինչ օրս նույնքան գեղեցիկ է և համակրելի, որքան կես դար առաջ: Նա չի թաքցնում իր տարիքը և շարունակում է գերել մարդկանց սրտերը` հպարտությամբ կրելով իր փորձն ու ապրած տարիները:
Սոֆիա Լորենը հայտնի է իր սրամտությամբ։ Նրա գրքերից որոշ արտահայտություններ դարձել են «թևավոր» Իտալիայում։
«Կա երիտասարդ մնալու պարզ բանաձև. այն մեր մտքի, տաղանդի ու ստեղծագործ լինելու մեջ է: Պետք է կյանքի կոչել այս ամենը` մեր և մեր սիրելիների համար: Նա, ով կարողանա դա անել, կհաղթի տարիներին»,- ասել է իտալացի դերասանուհի Սոֆի Լորենը։
Գեղեցկության խորհրդանիշը նաև գրել է. «Գեղեցիկ կանայք միշտ ավելի մեծ հաջողությունների են հասնում, քան խելացիները: Բանը նրանումն է, որ կույր տղամարդիկ քիչ են, մինչդեռ հիմարները՝ շատ»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան