Ամեն օր ու ժամ մենք պարտավոր ենք առավելագույնն անել Հայաստանի և Արցախի անվտանգության համար. ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ։
«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Անկախության օրվա կապակցությամբ:
28 տարի առաջ այս օրը ազգային ժողովրդավարական շարժումով ոտքի կանգնած հայ ժողովուրդը հռչակեց իր անկախ պետականությունը:
Անկախ պետականություն ունենալու ձգտումը դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի տարբեր սերունդների մեծագույն նպատակը: Մեր նախահայրերը իրենց դարավոր պայքարով մշտապես վառ են պահել ազատ և անկախ ապրելու վեհ գաղափարները մեր հավաքական ինքնագիտակցության մեջ: Հենվելով ազգային և համամարդկային արժեքների լավագույն համադրման վրա, ցուցաբերելով անկոտրուն կամք և հանդես գալով որպես իրապես միասնական ուժ՝ հայ ժողովուրդը հաղթեց իր ազգային ազատագրական պայքարը և ի լուր աշխարհի հռչակեց Հայաստանի անկախ պետականության վերականգնման մասին:
Այսօր Հայաստանը միջազգային հանրության կարևոր անդամ է՝ վարելով տարածաշրջանային կայունության ամրապնդմանն ուղղված հավասարակշռված քաղաքականություն և ակտիվորեն ներգրավելով աշխարհն ավելի անվտանգ և բարեկեցիկ դարձնելուն ուղղված միջազգային ջանքերում: Հայաստանը հենվում է ինքնիշխանության, համահայկականության և փոխգործակցության սկզբունքների վրա: Մենք գիտակցում ենք, որ ամեն օր ու ժամ մենք պարտավոր ենք առավելագույնն անել Հայաստանի և Արցախի անվտանգության և զարգացման համար բարենպաստ արտաքին քաղաքական միջավայր ստեղծելու նպատակով:
Նախորդ տարի մենք ևս մեկ կարևոր պատմական նշանակության հաղթանակ տարանք, այս անգամ արդեն հանուն ժողովրդավարության և օրենքի գերակայության համար մղված մեր պայքարում: Հայ ժողովուրդը այս պայքարում ևս հենվում էր միասնականության և ազատատենչության գաղափարների վրա: Այսօր արդեն մենք պետք է առավելագույնը քաղենք Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացման և մեր ներքին աննախադեպ համախմբվածության ընձեռած հնարավորություններից:
Շնորհավորելով միմյանց այս կարևոր տոնի առթիվ՝ մենք նախևառաջ մեր հարգանքի տուրքը պետք է մատուցենք անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսներին, արժևորենք անկախության խորհուրդը, այն է համախմբվածությունն ու հայրենասիրությունը, գիտակցենք, որ անկախ պետականությունը մի ժառանգություն է, որը պետք է շարունակել ամրապնդել և զարգացնել, որի համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները առկա են մեզ մոտ. դա մեզանից յուրաքանչյուրն է, ամեն մի հայ, ով մշտապես վառ է պահում անկախ և հզոր հայրենիք ունենալու գաղափարը՝ անկախ բնակության վայրից»։
Հարակից հրապարակումներ`
- 1991-ի սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձավ նոր ճանապարհի սկիզբ. Բակո Սահակյան
- Հրայր Թովմասյան. Անկախության շնորհիվ մենք նշանակալի առաջընթաց ենք արձանագրել նաև իրավունքի ոլորտում
- Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Անկախության տոնի առթիվ
- Սերժ Սարգսյան. Սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է
- «Արսենալ»-ը շնորհավորել է Մխիթարյանին՝ Անկախության օրվա առթիվ
- Գարեգին Երկրորդ. Արդար ու բարի, հայրենաշեն գործերով պիտի վկայենք, որ արժանի ենք անկախ պետականությանը
- Ամեն նոր տարեդարձով Հայաստանի անկախ պետականությունն ավելի պետք է ամրապնդվի. Արցախի ԱԺ նախագահ
- «Ժառանգություն». Մեր հավաքական ուժի համախմբումը առավել կմերձեցնի համայն հայության իղձերի իրականացումը
- Հայաստանի Հանրապետության 28-րդ տարեդարձն է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին