Կինոկենտրոնը պետական աջակցություն ստանալու համար 120 հայտ է ստացել
Հայաստանի ազգային կինոկենտրոնն այս տարի բավականին շատ հայտեր է ստացել ֆիլմերին պետական աջակցություն հատկացնելու համար. 2 մրցույթը միասին ստացել են մոտ 120 հայտ, նախորդ տարվա 25 հայտի փոխարեն։ Մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպմանն ասաց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը։
«Ես սա դիտարկում եմ որպես վստահություն նոր կանոնակարգի, ձևաչափի նկատմամբ։ Դիմողների թվում նոր անուններ եմ տեսնում, որոնք տարիներ առաջ նույնիսկ չեն էլ դիմել, չեն էլ փորձել»,- նշեց նա։
Շ. Միրզախանյանի խոսքով, նոր կանոնակարգով մեծ ուշադրության են դարձնում դեբյուտներին. «Կանոնակարգում նշված է, որ բյուջեի 30 տոկոսը հատկացվելու է դեբյուտներին, նպատակն է գտնել նոր անուններ, պետության ֆինանսավորմամբ աջակցենք նրանց, կարողանանք հետագայում լավ ֆիլմեր ունենալ»։
Կինոկենտրոնի տնօրենը նշեց, որ իրենք աշխատում են բաց և թափանցիկ, ինչպես մրցութային հանձնաժողովների անդամների ընտրության, այնպես էլ փաստաթղթերի ընդունման ընթացակարգի և մնացյալ բոլոր հարցերով։ Նա տեղեկացրեց, որ հայտերի ուսումնասիրության հանձնախումբը փոխվել է։ Շ. Միրզախանյանի ներկայացմամբ, հանձնախումբն ուսումնասիրում է հայտերը, հանձնախմբի անդամներից գոնե մեկի կողմից 5 միավոր ստացած հայտն անցնում է երկրորդ փուլ, որն արդեն հարցազրույցի ֆորմատով է։ Հանձնախմբի անդամներն աշխատում են առանձին, իրար հետ որևէ կապ չեն ունենում, հայտերը ներկայացվում են նրանց օն-լայն։ Այս փուլից հետո արդեն սկսվում է ֆինանսական բաշխման պրոցեսը։
Շ. Միրզախանյանի խոսքով, թեև դիմողներն ավելացել են, բայց իրենց հատկացվող գումարը չի ավելացել, իրենք էլ ընտրում են լավագույններին։
Ազգային կինոկենտրոնի տնօրենը տեղեկացրեց, որ վերջապես կլուծվի Հայաստանի ազգային կինոկենտրոնի տարածքի հարցը՝ Տերյան 3ա հասցեում։ Նա նշեց, որ ամեն տարի հսկայական գումարներ են ծախսում վարձակալության համար (120 մլն դրամ ), մինչդեռ ունեն տարածք, որը պարզապես պետք է վերանորգել և իրականացնել որոշ շինարարական աշխատանքներ։
«Եվ այդ խնդիրը կունենա վերջանական լուծում։ Արդեն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ աշխատանք է տարվում, պետք է կազմենք նախագիծ-նախահաշվարկը, ներկայացնենք նախարարություն, որն էլ իր հերթին ներկայացնի կառավարության հաստատմանը։ Մի քանի ամիս է պետք վերանորոգման համար»,- ասաց նա։
Շ. Միրզախանյանը նշեց, որ այդտեղ ուզում են ստեղծել կինոյի օջախի մթնոլորտ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան