Դավիթ Տոնոյան. Մեղավորներն իրենց պատիժը կստանան
«Ամենամտահոգիչ բանը, որ մեր փոխգնդապետի առողջական վիճակը հույսեր շատ չի տալիս»,- լրագրողների հետ զրուցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպին։
Նախարարը նշեց, որ նա գտնվում է իրենց վերահսկողության տակ, ՊՆ-ի հոսպիտալում է։ Հարցին՝ հետևողական լինելո՞ւ եք, որ այս գործի առումով կոծկումներ չլինեն, նախարարը պատասխանեց. «Անգամ փոքր կասկած թող չլինի: Ես կարծում եմ, որ ոչ միայն ես եմ հետևողական լինելու, այլև կառավարության բոլոր անդամները»:
Նա նշեց, որ ռազմական ոստիկանությունը քաղաքացիական ոստիկանության հետ միասին օպերատիվ հետախուզական աշխատանքներն իրականացնում է՝ ամեն ինչ ազնիվ ու արդար եղանակով:
«Մեղավորներն իրենց պատիժը կստանան»,- ընդգծեց Դավիթ Տոնոյանը:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ 2019թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 00:20-ին, ՀՀ ոստիկանության Վայոց Ձորի վարչությունում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի սպա: 2019թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալից գրություն է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 06:40-ին, իրենց մոտ է ընդունվել նշված սպան՝ «Փակ ծանր ԳՈՒՎ: գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշումով: Կատարվել է շտապ վիրահատություն, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սպան մարմնական վնասվածքն ստացել է 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում պարզաբանումներ ստանալու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Եղեգնաձոր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1991թ., բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում:
Նախաքննությամբ պարզվել է, որ նշված վիճաբանության ժամանակ բացի վերը նշված սպայից մարմնական վնասվածքներ են ստացել նույն զորամասի ևս երկու սպա: Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանության ընթացքում Եղեգնաձոր քաղաքի 28-ամյա բնակչի զանգով՝ նրան աջակցելու համար այնտեղ եկած 3-4 անձ փորձել են պարզաբանումներ ստանալ, որից հետո նրանց միջև սկսած ծեծկռտուքի ժամանակ ծեծի են ենթարկել սպաներին:
28-ամյա երիտասարդը ձերբակալվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին