Հայաստանի Հանրապետության 28-րդ տարեդարձն է
Հայ ժողովուրդն այսօր տոնում է Հայաստանի Հանրապետության 28-ամյակը:
1991 թվականի սեպտեմբերի 21-ի Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Խորհրդարանի որոշմամբ, Հայաստանում հանրաքվեն անցկացվել է Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից ելնելով:
ՀՀ Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը
ՀՌՉԱԿՈՒՄ է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»:
Բնակչության ճնշող մեծամասնությունը «այո» ասաց անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։
«ԱՅՈ-ն մենք ըսինք այն ժամանակ, երբ եկանք հայրենիք: Եվ ԱՅՈ պիտի ըսենք միշտ, որովհետև անկախության երջանկաբեր էությունը մենք միշտ երազած ենք' և այնտեղ, և այստեղ: Եվ մեր սերունդը, որ աշխարհներ և ճամփաներ տեսած է, գիտե, ի վերջո, ինչ բան է անկախության գրավականը: Իսկ գրավականը մեկն է. այստեղ պետք է բոլորս միասին ըլլանք, հայ ըլլանք և հասկանանք, որ մեր փրկությունը մեր միասնականության մեջ է»,- ասել է ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակների դափնեկիր Գոհար Գասպարյանը:
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի միջոցառումների հիմնական մասը՝ «Գուկաս Գյումրի» կարգախոսով կանցկացվեն Գյումրիում:
Քաղաքի տարբեր հարթակներում տեղի կունենան համերգներ. երաժշտարվեստի լեզվով բազմահազար ունկնդիրներին տոնական մթնոլորտում կփոխանցվի անկախության, պետականության, միասնության կարևորագույն ուղերձները:
Մարզկենտրոններում ու համայնքներում կիրականացվեն բազմաբնույթ միջոցառումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին