Սեյրան Մարգարյան. Մեկը երեք սերնդից
Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին դեռ շատ է խոսվելու, հերոս տղաների մասին դեռ շատ են գրվելու, նրանք չեն մոռացվելու...։ Տղաներ, որոնք ընկել են մարտի դաշտում, շատերն էլ ապրում են մեր կողքին, բայց համեստորեն լռում են ու պատեհ, անպատեհ չեն խոսում ապրիլյանի օրերի մասին։ Միայն ասում են՝ «երբ հայրենիքը զգա մեր պաշտպանության կարիքը, մենք կլինենք այնտեղ»։
Նրանք անկախության սերունդն են, որ պատերազմի ժամանակ ապացուցեցին՝ ոչնչով չեն զիջում արցախյան ազատամարտի հերոսներին, իրենց պապերին ու հայրերին։
Նրանցից մեկն էլ Սեյրան Մարգարյանն է՝ Լոռիում ծնված, մանկուց պատերազմի պատմություններով մեծացած ու իր աչքերով պատերազմ տեսած Սեյրանը։
Նրա պապն ու հայրը մասնակցել են Արցախյան ազատամարտին։ Ավագ Սեյրան Մարգարյանը 1988-90թթ. Ալավերդու երկրապահ ջոկատի կազմում մասնակցել է Նոյեմբերյանի, Իջևանի, Սիսիանի սահմանամերձ շրջանների պաշտպանությանը: Այնուհետև ընդգրկվել է Հատուկ գնդի Ալավերդու վաշտի կազմում՝ դասակի հրամանատար, մասնակցել Շահումյանի շրջանի պաշտպանությանը: 1992թ. օգոստոսին, Վազգեն Սարգսյանի կոչով Թումանյանի շրջանի երկրապահ կամավորականների հետ զինվորագրվել է «Արծիվ մահապարտներ» հատուկ նշանակության զորագնդին ու մեկնել Արցախ։ Մեկ ամիս անց զոհվել է Վաղուհասի բարձունքների համար մղված մարտում։
Սեյրանի հայրն էլ՝ Գագիկը, 17 տարեկանում փախնում է տանից և մեկնում Արցախ՝ հոր մոտ։ Հոր զոհվելուց հետո, լինելով 11 և 15 ամյա քույրերի միակ խնամակալը, նրան հետ են ուղարկում Ալավերդի։
Այսօր Գագիկ Մարգարյանը Երկրապահ կամավորականների միության Թումանյանի տարածքային բաժանմունքի նախագահն է։
Մարգարյանների ընտանիքում միշտ խոսել են պատերազմից, ընտանեկան հավաքույթների ժամանակ պատմել են արցախյան հերոսների մասին, և այս մթնոլորտում է մեծացել Սեյրանը։
Նա չէր էլ պատկերացնում, որ մի օր պապին փոխարինելու հերթն իրենն է լինելու։
Սերյանը ծնվել է 1997 թվականին Ալավերդիում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան։ Առաջին կուրսն ավարտելուց հետո զորակոչվել է Հայոց բանակ, ծառայել Արցախում, Մատաղիսի զորամասում։
«Միշտ ասում էի՝ կտեսնեք, որ ես Արցախում եմ ծառայելու, այդպես էլ եղավ»,- մեզ հետ զրույցում պատմում է 22-ամյա Սեյրանը։
Վեց ամիս ուսումնական գումարտակում ծառայելուց հետո տեղափոխվում է Թալիշի գումարտակ։ Այնտեղ մնում է ընդամենը հինգ ամիս, ապրիլյան պատերազմը թույլ չտվեց մինչև ծառայության ավարտը մնալ Թալիշում։
«9 ամսվա ծառայող էի, որ սկսվեցին մարտական գործողությունները։ Ապրիլի 1-ին դիրքերից իջել էինք, բայց հաջորդ օրը նորից դիրքեր բարձրացանք։ Երբ ապրիլի 2-ի առավոտյան գումարտակից դուրս եկանք, արդեն հասկանալի էր, որ դրանք սովորական կրակոցներ չէին, ադրբեջանցիների արկերն արդեն հասնում էին մեզ»,- ասում է Սեյրանը։
Խոսելու ժամանակ գլուխը կախում է ու վերապրում պատերազմի օրերին տեսածն ու ապրածը, մի քանի րոպե հետո միայն ասում. «Կորուստներ ունեցանք՝ Արգիշտի Գաբոյան, Հրաչ Գալստյան, մեր ընկերները վիրավորվեցին՝ Տելմանը, Շանթը, դիրքի ավագ Հովհաննես Պողոսյանը...։ Ի վերջո պատերազմ էր, ոչինչ մեզանից կախված չէր։ Ինչքան էլ որ դժվարություններ տեսանք այդ օրերին, շատ բան հասկացանք ու գնահատեցինք»,- ասում է Սեյրանը։
Ապրիլի 3-ին Արցախ է մեկնում նաև Սեյրանի հայրը։ Հայր ու որդի տարբեր դիրքերում են թշնամու դեմ պայքարում, նրանց ընդամենը մի քանի հարյուր մետր էր բաժանում... նրանք հանդիպում են միայն հրադադարից հետո։
Սեյրանն այսօր էլ հուզմունքով է հիշում հոր հետ հանդիպումը։ Հայրն առաջին անգամ Արցախ էր մեկնել հոր մոտ, իսկ տարիներ անց՝ որդու։
Առաջին գծում էր նաև Սեյրանի մանկության ընկերը՝ Ռաֆայելը, այդ օրերին անընդհատ մտածում էր ընկերոջ մասին, փորձում ինչ-որ լուր իմանալ, ու մի օր կողքի դիրքում ընկերները հանդիպում են։ Ասում է, որ այդ պահերին այնքան բան գնահատեցին, որ մեկ կյանք չէր հերիքի դա հասկանալու համար։
Ծառայությունից հետո էլ շարունակում են բանակային ընկերներով հանդիպել, ապրիլյան պատերազմի մասնակից տղաները՝ շատերն անծանոթ, այսօր ընկերացել են, բոլորին միավորել է Ապրիլյանը։ Նրանք հաճախ են հանդիպում, հիշում են անցած օրերը, ընկերներին. «Պատերազմը մեր մեջ մնաց»։
Ասում է՝ եթե ադրբեջանցիները սխալվեն մեկ քայլ մեր կողմ գան, իրենք նորից կլինեն Արցախում։ «Մեր երկիրն է, ով պետք է գնա, ասենք ՝ ես, Պողոսը, Պետրոսը չգնացինք. Բա հետո՞։ Թողնենք, որ դրանք ոտք դնեն մեր հողում, նման բան չի կարող լինել»,- նշում է նա ու ավելացնում. «Հայրենասիրությունը պետք է մարդու արյան մեջ լինի, հայրենասեր չեն դառնում»։
Սեյրանն այսօր սովորում է չորրորդ կուրսում, ուսմանը զուգահեռ աշխատում է «Գրանդ Քենդի» գործարանում որպես արտադրամասի հոսքագծի օպերատոր։ Մեծ ցանկություն ունի աշխատել ուժային կառույցում, վստահ է, որ շուտով դա իրականություն է դառնալու։
Ընտանիք կազմելու մասին առայժմ չի մտածում, ասում է՝ դեռ ժամանակ ունի։ Հիմա մտածում է այնպիսի գործ անել, որ կարողանա ինչ-որ ձևով պիտանի լինի պատերազմով անցած տղաներին, նրանց ընտանիքներին։ Այդ ուղղությամբ արդեն պլաններ է մշակում, նախագիծ ունի, որի մասին խոստանում է բարձրաձայնել ավելի ուշ։
Նշենք, որ սեպտեմբերի 15-ին Շուշիի սուրբ Ղազանչեցոց տաճարում մեծ մկրտություն էր կազմակերպվել: Մկրտվել են Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները, պատերազմից հետո ծնված և տղաների անունը կրող փոքրիկները: Կնքահայրերն էլ ապրիլյանի մասնակիցներն են՝ շարքայինից գնդապետ: Սեյրանը դարձավ ապրիլյան պատերազմում զոհված Գևորգ Գևորգյանի քրոջ կնքահայրը։
Ահա այսպիսին են հայրական ոգով դաստիարակված, նոր կյանք կերտող անկախության սերունդը։
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլյանի տղաների քավորությամբ կնքվել են անմահացած հերոսների երեխաները
- Հերոսները մեր կողքին. կյանքը ինչպես որ կա՝ Տելման, Արգիշտի, Հրայր
- Ինձ համար ապրիլյան պատերազմն արցունքոտ հաղթանակ էր. Ժորա Աֆրիկյան
- Հերոսները մեր կողքին. Մոնթեի «դուխը» բոլորիս էր փոխանցվել
- Հերոսները մեր կողքին. Ուղղաթիռ խոցած Նարեկը 21 տարեկան է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան