Փաշինյան. Սորոսը ցանկանում էր ինձ հետ հանդիպել
«Դավոսի ֆորումին իմ մեկնելուց առաջ պարոն Սորոսը ցանկություն էր հայտնել ինձ հետ հանդիպել, բայց ճիշտն ասած, իմ աշխատանքային ծանր ու խիտ գրաֆիկի պատճառով չհաջողվեց նրա՝ հանդիպման խնդրանքը բավարարել»,-Լոս Անջելեսում լրագրողների հետ հանդիպմանը հնչած հարցերից մեկին ի պատասխան հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հարցը վերաբերում էր նրան՝ Փաշինյանն արդյո՞ք հանդիպել է Ջորջ Սորոսի հետ և ինչպես է մեկնաբանում այն պնդումները, որ ինքը «Սորոսի մարդն է»։
Հեղափոխության հաջողության հասնելու մասին խոսելիս, Փաշինյանն ասաց, կա երկու վարկած՝ դավադրության տեսության հեղինակները համարում են, որ այն պլանավորվել է այնտեղ, որտեղ պլանավորվել են հայտնի հեղափոխությունները։
«Իսկ այնտեղ, որտեղ պլանավորվում են հեղափոխությունները, պակաս կասկածանքների և տառապանքների մեջ չեն, որովհետև ասում են՝ չհասկացանք, եթե այս հեղափոխությունը մենք չենք արել, ապա այդ ով է համարձակվել առանց մեր թույլտվության հեղափոխություն անել։ Այնպես որ, ես բոլոր կողմերին խնդրում եմ հանդարտվել, որովհետև նրանք, ովքեր եղել են Հայաստանում, և ոչ թե իրենց կաբինետներում և իրենց աշխատանքային սեղանների տակ մտած, ապա գիտեն՝ ով է արել հեղափոխությունը և ինչպես է արել։ Էդ հեղափոխությունը եղել է ուղիղ եթերում և այս պատմությունը նոր չի սկսել, երկար տարիների պատմություն ունի, տեղի է ունեցել բոլորի աչքի առաջ»,-ասել է նա։
Փաշինյանի խոսքով, հեղափոխությունն արել է հայ ժողովուրդը, իսկ ով ուզում է ժողովրդի հեղինակային իրավունքը վերապահի ուրիշներին, ապա անարգում է ժողովրդին։
«Նրանք ովքեր ուզում են Սորոս կամ ուրիշ բան խառնած լինեն այստեղ, նրանք ընդամենն ուզում են վիրավորած լինել հայ ժողովրդի արժանապատվությունը։ Այդ մարդկանց հայ ժողովուրդն արդեն նետել է պատմության աղբանոցը, խորհուրդ եմ տալիս նրանց վայելել այն տեղը, որտեղ հայտնվել են պատմական արդարարության արդյունքում»,-ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան