Կոնգրեսը չի բացառել Թրամփի նկատմամբ իմփիչմենթը
ԱՄՆ Կոնգրեսը հավանական է համարել նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմփիչմենթը այն դեպքում, եթե ապացուցվի, որ նա ճնշում է գործադրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վրա։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է կոնգրեսական Ադամ Շիֆը։
«Եթե նախագահն, ըստ էության, մերժում է ռազմական օգնություն տրամադրել և փորձում է վախեցնել արտասահմանցի առաջնորդին, որպեսզի վնաս հասցնի իր հակառակորդին նախագահական ընտրությունների արշավում, ապա իմփիչմենթը միակ միջոցն է»,- կարծում է Շիֆը։
Սեպտեմբերի 19-ին հաղորդվել էր, որ Թրամփը ոմն արտասահմանցի առաջնորդի հետ զրույցի ժամանակ իբրև «խոստում» է տվել, ինչի պատճառով հետախուզական ծառայությունները ստիպված են եղել պաշտոնական բողոք կազմել ու զեկուցել այդ մասին Կոնգրեսին։ Թրամփը հերքել է բոլոր մեղադրանքները՝ անվանելով դրանք ֆեյք լուրեր։ Սեպտեմբերի 20-ին հաղորդվել էր, որ հետախուզությունը կարող էր մտահոգված լինել Թրամփի և Ուկրաինայի նախագահ Զելենսկիի զրույցից։ Հստակ հայտնի չէ տրվել է արդյոք Զելենսկիին որևէ «խոստում» և ինչ խոստում էր դա։
Ենթադրվում է, որ դա կարող էր լինել ԱՄՆ պատասխանն այն դեպքում, եթե Ուկրաինան օգնություն տրամադրեր 2020 թվականի ընտրություններում Թրամփի հիմնական մրցակից Ջո Բայդենի նկատմամբ հետաքննությանը։ Ասում են, իբր Բայդենը Կիևի հետ գործարքի մեջ է եղել նախորդ ընտրարշավի ժամանակ։ Թրամփին կոչ են արել գաղտնազերծել Զելենսկիի հետ խոսակցության մանրամասները։ Թրամփն ասել է, որ խոսակցությունը շնորհավորական բնույթի է եղել։