Արթուր Վանեցյան. Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը կրկին չի մտածում իր խոսքերի հետևանքների մասին
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը hraparak.am-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ-ում ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իր վերաբերյալ հայտարարությունները։ Ըստ աղբյուրի, Վանեցյանն ասել է.
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում կրկին խոսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում։ Չնայած իմ հրաժարականից հետո նա դեռ շարունակում է մարդիկ ուղարկել ինձ մոտ, խնդրանքով` որոշ ժամանակ լռեմ, որպեսզի իրավիճակը հանդարտվի, բայց հիմա տեսնում եմ, որ հերթական անգամ խախտում է պայմանավորվածությունները և հանդես գալիս անհասկանալի, ըստ էության՝ ոչ մի բանի մասին պոպուլիստական հայտարարություններով։
Ակնհայտ է, որ հանրության տրամադրությունների վրա կարճատև ազդեցություն թողնելու ցանկությամբ տարված` Նիկոլ Փաշինյանը կրկին չի մտածում իր խոսքերի հետևանքների մասին: Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել առանց հետևանքների մասին մտածելու։
Լավ, որքա՞ն կարելի է մոլորեցնել հանրությանը՝ առաջ տանելով այն թեզը, թե «ով մեզ հետ չի ազգի դավաճան է»։ Իսկ եթե որևէ մեկը համաձայն չէ այդ պնդման հետ, ըստ վարչապետի, ուրեմն նախկինների պատվերով է գործում: Ասել եմ և նորից եմ կրկնում՝ չփորձեք ինձ կապել նախկինների հետ։
Տրամաբանական է, որ ռազմական գիտելիքներ չունեցող և զինվորականների մտածելակերպի, Հայրենիքի հանդեպ նրանց ունեցած պարտքի մասին մակերսային պատկերացումներ ունեցողները չեն կարող իմանալ սպայի պատվի և ուսադիրների նշանակության մասին: Ի դեպ հիշեցնեմ` համաձայն ՀՀ Սահմանադրության, ՀՀ վարչապետը ոչ պատերազմական դրության ժամանակ Գերագույն հրամանատար չէ: Ցավում եմ, որ այդքան հեռուն է գնացել:
Հրաժարականի մասին իմ հայտարարությունն ուշադիր ընթերցողը, համոզված եմ, հասկացել է՝ ինչ նկատի ունեի ես։ Ուստի վստահ պնդում եմ՝ ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում:
Հավատում եմ` մեր ժողովուրդը երբեք չի ընկճվելու ու այլևս չի տրվելու մանիպուլյատիվ հայտարարությունների: Հրաժարականի իմ տեքստում ես ասել էի՝ թող այն լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող կոչ։ Մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի Հայրենիքի հանդեպ պարտքը:
Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին։
Պատիվ ունեմ»:
Լրատվամիջոցը հետգրությամբ նշում է, որ Արթուր Վանեցյանը իր հետագա պլանների մասին կխոսի առաջիկայում։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը Վանեցյանի հայտարարությունը համարում է անարգանք
- Արթուր Վանեցյան. ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են