Ջորջ Տաբակյան. Խուժանի կողմից սպային դաժան ծեծի ենթարկելն անընդունելի արարք է
«Արար» հիմնադրամի գործադիր տնօրեն, պաշտպանության նախարարի խորհրդական Ջորջ Տաբակյանը հրապարակել է Եղեգնաձորում Վայոց Ձորի մարզպետի մտերիմների կողմից ծեծված, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող փոխգնդապետի լուսանկարն ու գրել.
«Նկարում փոխգնդապետ Արա Մխիթարյանն է, որ արդեն 5-րդ օրն է՝ կոմայում ծայրահեղ ծանր վիճակում է։
Փոխգնդապետը չի վիրավորել սահմանում, այլ սեպտեմբերի 18-ի գիշերը ՇԱՏ դաժան ծեծի էր ենթարկվել Եղեգնաձորում իր տան մոտ, մարզպետի օգնականի և իր 6 ընկերների կողմից:
Սպայի 2 ընկերները վիրավորվել են, երբ փորձել են իրեն օգնել նույն խուժանի կողմից՝ չնայած որ երեքն էլ եղել են ԶՈՒ համազգեստով...
ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ արարք պատերազմի մեջ գտնվող երկրում !!!
Աղոթում ենք և առողջություն ենք մաղթում մեր սպային և ամենածանր պատիժը բոլոր մեղավորներին»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանության ընթացքում Եղեգնաձոր քաղաքի 28-ամյա բնակիչն ու նրան օգնության հասած 3-4 անձինք ծեծի են ենթարկել սպաների:
Ըստ ԶԼՄ-ների, ծեծկռտուքի հիմնական դերակատարը մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն է, որը ծանր վնասվածքներ է հասցրել փոխգնդապետ Արա Մխիթարյանին։ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալ տեղափոխված սպան շտապ վիրահատվել է, նրա վիճակը ծայրահեղ ծանր է:
Քննչական կոմիտեից այսօր տեղեկացրել են, որ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ, մարզում տեղի ունեցած միջադեպին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը ստուգելու ուղղությամբ:
Սեպտեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հայտնել էր, որ ինքը մասնակցություն չի ունեցել դեպքին, ինքն այդ ժամին տանն է եղել, շենքի բակի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է մեքենան կայանում ժամը տասի կողմերը և բարձրանում տուն։ Այս գործով մարզպետի օգնականը կալանավորված է։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում փորձում են ոչ պարենային արտադրանքի շուկան հնարավորինս անվտանգ դարձնել
- «Մարզպետ, լավ իմացի, բախտդ բերել է, որ չեմ իմացել, որ դու Լեննական ես եղել»
- Պահեստազորի սպա. Այս դեղնակտուցների օրոք որևէ բան չփոխվեց
- Ստուգվում է ծեծկռտուքին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը
- Սպային ծեծած մարզպետի օգնականը կալանավորվել է
- Եղեգնաձորում սպային վնասվածքներ պատճառած տղամարդը ձերբակալվել է