Փոխգնդապետ Արա Մխիթարյանը կոմայի մեջ է
Փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է արհեստական շնչառության պայմաններում, կոմայի մեջ։ Լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի պետի բուժգծով տեղակալ Կարեն Գրիգորյանը։
«Նա տեղափոխվել է հոսպիտալ փակ գանգուղեղային վնասվածքով, բավականին մեծ արյունազեղման օջախով, ուղեղի աջ կիսագնդի դիսլոկացիայով, անգիտակից վիճակով։Բժիշկները մինչև վերջին վայրկյանը հույսեր փայփայում են, չնայած կոնկրետ դեպքում շանսերը շատ քիչ են գնահատվում վերականգնվելու առումով, բայց մինչև վերջին վայրկյանը մենք պատրաստ ենք պայքարել։ Հոսպիտալի ղեկավարությունը, պաշտպանության նախարարության ղեկավարությունը Ռազմաբժշկական վարչության հետ միասին, ինչպես նաև քաղաքացիական հիվանդանոցներում աշխատող մեր առաջատար մասնագետները, բոլոր-բոլորւ ուշադրության կենտրոնում են պահում Մխիթարյանին»,- ասաց հոսպիտալի փոխտնօրենը։
Նա նշեց, որ կատե հետազոտության արդյունքում այսօր ի հայտ են եկել որոշակի բացասական փոփոխություններ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանության ընթացքում Եղեգնաձոր քաղաքի 28-ամյա բնակիչն ու նրան օգնության հասած 3-4 անձինք ծեծի են ենթարկել սպաների: Ըստ ԶԼՄ-ների, ծեծկռտուքի հիմնական դերակատարը մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն է, որը ծանր վնասվածքներ է հասցրել փոխգնդապետ Արա Մխիթարյանին, նա տեղափոխվել է ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալ:
Քննչական կոմիտեից այսօր տեղեկացրել են, որ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ, մարզում տեղի ունեցած միջադեպին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը ստուգելու ուղղությամբ:
Սեպտեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հայտնել էր, որ ինքը մասնակցություն չի ունեցել դեպքին։ Այս գործով մարզպետի օգնականը կալանավորված է։
Հարակից հրապարակումներ`
- «Մարզպետ, լավ իմացի, բախտդ բերել է, որ չեմ իմացել, որ դու Լեննական ես եղել»
- Պահեստազորի սպա. Այս դեղնակտուցների օրոք որևէ բան չփոխվեց
- Ստուգվում է ծեծկռտուքին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը
- Սպային ծեծած մարզպետի օգնականը կալանավորվել է
- Վայոց ձորի մարզպետ. Փորձում են որևէ կերպ ինձ ներգրավվել այդ գործի մեջ
- Դավիթ Տոնոյան. Մեղավորներն իրենց պատիժը կստանան
- Եղեգնաձորում սպային վնասվածքներ պատճառած տղամարդը ձերբակալվել է