Մանվել Գրիգորյանի պաշտպան. Հարիր չէ Հայաստանին, որ տևական ժամանակով անձին խոշտանգեն
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօրվա նիստում մերժեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու նրա պաշտպանների միջնորդությունն այն պատճառաբանությամբ, որ անհիմն է։
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Մ. Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանն ասաց, որ իրենք ամեն նիստին բարձրաձայնում են, որ անձի առողջությունը վատթարանում է, ինչի մասին հայտնում են բժիշկները։
«Եթե նախկինում ընդամենն ասում էին՝ առողջության հետ կապված խնդիր կա, հիմա բժիշկները բարձրաձայնում են, որ խափանում կալանավորումը խոչընդոտում է, որպեսզի անձը հնարավորինս արդյունավետ կարողանա բուժում ստանալ»,- նշեց նա։
Լ. Բաղդասարյանի խոսքով, տևական անօրինականությունները Հայաստանում տեղ չունեն, բարձրաձայնելու են մինչև վերջ, գնալու են առաջ։
Ինչ վերաբերում է դատաբժշկական փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական հանձնաժողովին, որն արդեն տևական ժամանակ սկսել է աշխատանքները, փաստաբանն ասաց, որ չեն կարող ասել, թե երբ կավարտվեն, բայց հանձնաժողովի բժիշկների կողմից ևս բարձրաձայնվել է բացասական դինամիկայի մասին և անձի կյանքին վտանգ սպառնալու հետ կապված։
«Մենք ունենք հետևյալ պատկերը. առողջապահության նախարարի հրամանի հիման վրա ձևավորվում է բժշկական հանձնաժողով, փաստում են անձի առողջության ծայրահեղ ծանր լինելու հանգամանքը, դրանից հետո «Նաիրի» բժշկական կենտրոնում էպրիկրիզ են անում, ասում են՝ բացասական դինամիկան ակնհատ է, անձը խնդիրներ ունի։ Դրանից հետո բժիշկները բարձրաձայնում են՝ խափանում կալանքը խոչընդոտում է, որ կարողանան արդյունավետ բուժել, դատարանն ասում է՝ տեսնենք, երբ է միջգերատեսչական հանձնաժողովը տալու եզրակացություն։ Սա խնդիր է, հարիր չէ Հայաստանին, որ տևական ժամանակով անձին խոշտանգեն։ Դրա իրավական հետևանքների կրողը Հայաստանի կառավարությունն է»,- ասաց Լ. Բաղդասարյանը։
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։ Պաշտպանները մի քանի անգամ դիմել են խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդություններով, սակայն մերժվել են։ Արդեն մի քանի ամիս Մանվել Գրիգորյանը բուժում է ստանում «Նաիրի» ԲԿ-ում։
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպան. Մանվել Գրիգորյանի գործով երևում է առողջապահության նախարարի անգործությունը
- Մանվել Գրիգորյանի պաշտպան. Անորոշ վիճակ է
- Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ
- Մանվել Գրիգորյանն ազատ չարձակվեց
- Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատելու միջնորդություն ներկայացվեց
- Մանվել Գրիգորյանի պաշտպան. Եղածը սադիզմ է
- Դատաբժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովը կայցելի Մանվել Գրիգորյանին
- Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստին ներկա է փորձագետը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան