Երեք խոշոր համայնքներում մանկապարտեզներ են կառուցվում. Կոտայքի մարզպետ
«Կոտայքի մարզի երեք խոշոր համայնքներում այս պահին զրոյից մանկապարտեզներ են կառուցվում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով մարզում կատարվող աշխատանքներին:
Նաև նշեց, որ այդ համայնքներում երբևէ մանկապարտեզներ չեն եղել։
Մարզպետը հայտնեց, որ յոթ համայնքում մանկապարտեզների, ևս 5 համայնքներում էլ՝ մշակույթի տների հիմնակառուցում են իրականացնում:
Անդրադառնալով համայնքային հողերի վերադարձնելու գործընթացին՝ նշեց, որ հետամուտ են լինելու, որպեսզի ժամանակին զարտուղի ճանապարհով յուրացված հողերը վերադարձվեն համայնքին ու պետությանը, որպեսզի դրանք ծառայեցվեն պետությանը, այլ ոչ թե կոնկրետ անձանց կամ շրջանակների ու իրենց զավակներին:
Ինչ վերաբերում է Աբովյանի քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի շտաբի ներկայացուցչի մեքենան այրելու գործին, Պետրոսյանն ասաց. «Ես ինքս թե որպես գործող մարզպետ, և թե որպես ՔՊ ներկայացուցիչ շահագրգռված եմ նաև իմ ամենօրյա ուշադրության կիզակետում պահել այդ գործը: Գործն այս պահին դեռ քննչական կոմիտեում է: Գիտեմ, որ մի քանի տասնյակ հարցաքննություններ են եղել արդեն, բայց կարգավիճակի տրման և կասկածյալի ներգրավման վերաբերյալ տեղեկություն չունեմ»։