«Հայ Ֆեստ». Երևանյան 14 բեմահարթակներում կցուցադրվեն ավելի քան 45 ներկայացումներ
«Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնն այս տարի կկայանա հոկտեմբերի 1-ից 8-ը: 17-րդ «Հայ ֆեստ»-ը կրում է “The meaning is now”/ «Իմաստը ներկայում է» խորագիրը:
Փառատոնի կազմակերպիչները հայտնում են, որ այս տարի «Հայ ֆեստ»-ը կհյուրընկալի 24 երկրից ժամանած ավելի քան 300 մասնակիցների և հյուրերի` նրանց թվում հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների Իսպանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Հարավային Կորեայից, Լեհաստանից, Իսրայելից, Բելգիայից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից:
Երևանյան 14 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 45 ներկայացում: Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, վիզուալ, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:
Փառատոնի նշանավոր ներկայացումներից են Նովոսիբիրսկի «Հին տուն» դրամատիկական թատրոնի` «Կանաչ արոտավայրեր», Բելգիայի «Այրն Քեյ» ընկերության՝ «Ոտքերի և թաթերի վրա», Շվեդիայից Լոթթա Գարթոն ընկերության` «Սոլո» և «Մալալա-շատերից մեկը», Բրիտանիայից «Քենդուկո» պարային ընկերության` «Խելացնորության վայելչագեղ խաղ», ինչպես նաև ԱՄՆ-ից ժամանակակից պարային «Նավակները հեռանում են», «Մաշկի տակ․․․» ներկայացումները։
Երևանյան թատրոններից փառատոնի հիմնական ծրագրում հանդես կգան Հ. Թումանյանի անվան տիկնիկային, «Համազգային», «ԳԱԿ/Փոքր թատրոն», «Միհր» թատրոնները և ոչ միայն:
«Հայ ֆեստն»-ն ամեն տարի կազմակերպում է հատուկ ծրագրեր: Այս տարի այն չորսն են՝ «Երեխաների իրավունքների տարածումը կատարողական արվեստի միջոցով», «U.S. dance spotlight»/ «Ամերկյան ժամանակակից պարի հարթակ», «Իրանական ծրագիր» և «Հայկական թատրոնների ցուցադրություններ» (showcase)։
Արտասահմանյան ներկայացումների մուտքը կլինի հրավիրատոմսերով, տոմսերով և անցագրերով:
«Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը: 2006 թվականից «Հայ ֆեստ»-ը գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածքում (բացառությամբ Մոսկվայի):
Փառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
2019թ.-ին ԵՓԱ-ն (Եվրոպական Փառատոների Ասոցիացիա) թվով 715 եվրոպական փառատոներից «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն ընտրել և ընդգրկել է 24 լավագույնների ցանկում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան