Հայ եկեղեցականը ծնկել է միայն իր ժողովրդի համար
Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը չի լսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ-ում արված հայտարարությունը հայ եկեղեցականների վերաբերյալ, տեղյակ է այնքանով, որքանով մամուլն է տարածում։
«Եթե նման բան ասել է, ինքը երևի պետք է բացատրի, թե ինչ է ուզել նկատի ունենալ։ Եթե, իրոք, բառացի ուզել է նկատի ունենալ, որ կարող է հոգևորականներին ծնկի բերել, ցավում եմ։ Հայ հոգևարականին ծնկի բերելը ծիծաղելի է, հայ հոգևորականը ծնկի է գալիս միայն Աստծո առջև և ամեն օր, ոչ թե երբեմն։ Աստծուց բացի որևէ մեկի առաջ ծնկի գալու դեպք չի գրանցվել։ Եթե, իրոք, նկատի է ունեցել, որ ինքը կամ որևէ մի իշխանություն կարող է ծնկի բերել հոգևորականությանը, չարաչար սխալվում է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց սրբազանը։
Նա նաև նշեց, որ վարչապետը գուցե այլ բան է նկատի ունեցել. «Հույս ունեմ, որ վարչապետը մեկ այլ բան է նկատի ունեցել կամ լեզվի սայթաքում է եղել։ Այդպիսի հույս ունեմ։ Բանավոր խոսքում այդպիսի սայթաքումներ կարող են պատահել»։
Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանի համար տարօրինակ է այդ հայտարարությունը, որովհետև հայ ժողովրդի ողջ պատմությունը ցույց է տալիս, որ մեր եկեղեցականները միշտ էլ կանգնած են եղել պետության կողքին, ավելին՝ պետականաշինության գործում հսկայական ներդրում, ավանդ են ունեցել, առավել ևս ճգնաժամային, օրհասական պահերին, պատերազմական պահերին հայ հոգևորականները միշտ եղել են առաջնագծում, առաջնորդող, մեծ ավանդ են ունեցել հաղթանակներում։
«Բոլոր ժամանակներում եկեղեցին իր եկեղեցական սպասավորներով եղել է ժողովրդի ծառան, ծնկել է միայն իր ժողովրդի համար, իր ժողովրդի, իր ազգի մեղքերի թողության համար։ Ծնկելու գաղափարը հենց այդ է մեր եկեղեցու մեջ, երբ մարդը ծնկի է գալիս իր մեղքերի, մեղքերի թողության համար, ողորմություն է խնդրում Աստծուց։ Մենք մեր կյանքում այլ ծնկելու առիթ չունենք, երբեք նույնիսկ թշնամու առջև չենք ծնկել, չենք էլ ծնկելու»,- ասաց Հայր սուրբը։
Նա ցանկանում է, որ վարչապետը հստակ անուններ նշեր, եթե կան այդպիսիք։
«Եկեղեցին խորհրդավոր կառույց է, եկեղեցու հետ կապված նման ընդհանրական հայտարարություններ անելն ինձ համար, ամեն դեպքում, անհասկանալի է։ Եթե, ամեն դեպքում, կան նման եկեղեցականներ, որոնք ինչ-որ կերպ խարխլում են պետականության հիմքերը, շատ կուզենայի իմանալ այդ եկեղեցականների անունները, բայց վստահ եմ, որ մեր շարքերում նման եկեղեցականներ գոյություն չունեն։ Յուրաքանչյուր եկեղեցական իր ամենօրյա կյանքում, առաքելության մեջ ավանդ է բերում այս պետության զորացման, պայծառացման համար»,- նշեց նա։
Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանի խոսքով, իրականության մեջ հասեցատեր չկար. «Եկեղեցին կառույց է։ Արդյոք կառույցին է ուղղված այդ հայտարարությունը, չգիտեմ, թերևս վարչապետը կամ իր ենթակաները պետք է մեկնաբանեն, թե ում էր ուղղված։ Եթե հասեցատեր չկա, անուն չկա, ստացվում է՝ կառույցին էր ուղղված, այդ դեպքում անհասկանալի է։ Մենք շատ հստակ պատասխանում ենք, որ մենք այդպիսի եկեղեցականներ մեր շարքերում չգիտենք, եթե իրենք գիտեն, թող անուններ նշեն։
Ամեն դեպքում այս ամենի փաստարկը, վկայությունը պատմությունն է. եթե նայենք, պատմության մեջ կտեսնենք, ունեցե՞լ ենք նման եկեղեցականներ, թե՞ ոչ։ Եթե չենք ունեցել, առավել ևս այսօր առիթը չունենք, մենք միայն ուրախանում ենք մեր պետության զորացմամբ, պայծառացմամբ։ Եկեղեցին միշտ գիտակցել է, որ պարտականություն ունի ազգի և պետության առաջ։ Եթե նայենք նորանկախ պետության մեր պատմությունը, Համահայկական հիմնադրամի ստեղծումը Վազգեն Վեհափառի օրհնությամբ, ապրիլյան պատերազմը, յուրանաքյուր օրհասական պահի առաջին գծում տեսնում ենք եկեղեցականի։ Հարց է առաջանում, եթե այս փաստարկների կողքին անհասցե մեղադրանքներ կան, ինչո՞վ են դրանք հիմնավորվում»։
Հիշեցնենք, որ ասուլիսում Ն.Փաշինյանը հայտարարել էր. «Երբ մենք օրինակ ասում ենք՝ Հայաստանի Հանրապետությունում մամուլը պետք է լինի ազատ, առաջին ռեակցիան ի՞նչ է, դե եկեք էս կառավարության ողնաշարը կոտրենք։ Երբ ասում ենք, դատարանները պետք է լինեն անկախ, մենք չենք միջամտելու, ասում են՝ դե եկեք էս կառավարության ոտի տակը քանդենք։ Սա իրավիճակի սխալ ընկալում է, հարգելիներս։ Ես ուզում եմ ասել, որ մեր ժպիտները թող ոչ մեկ որպես թուլություն չընկալի։ Բոլոր նրանք, որ այդպես ընկալել են, փոշմանել են ու շարունակելու են փոշմանել։ Եվ երբ որ մենք ասում ենք, որ եկեղեցու ներքին կյանքի մեջ չենք մտնում, որոշ եկեղեցականներ դրանից եզրակացնում են ու ասում են, սա նախկին կառավարության նման չի, սա թույլ կառավարություն է, եկեք քանդենք էս կառավարության ոտքերի տակը, շատ ուժեղ հակահարված կստանան։ Եվ ծնկի կբերվեն, բառիս թե բուն, թե փոխաբերական իմաստով»։
Հարակից հրապարակումներ`
- Հայր Ասողիկ աբեղա. Չեմ կարծում, որ հայ եկեղեցում կգտնվի մեկը, ով կփորձի նման կերպ վարվել
- Ես տեսնում եմ բռնապետության հաստատման նախադրյալներ. հոգեբանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
- Միքայել Մինասյան. Հայ առաքելական եկեղեցին «ծնկի բերել» փորձողների ծնկներն են ջարդվելու
- Արա Զոհրաբյան. Եկեղեցականներին ծնկի բերելու վերաբերյալ վարչապետի մտքերը կասկածի տակ են դնում բարի նպատակները
- Վեհարան ներխուժածներից մեկի մոտ թմրանյութի նմանվող զանգված են գտել
- Ոստիկանության պատճառաբանությունները մեզ համար անհասկանալի են. Տեր Ասողիկ քահանա Կարապետյան
- Ոստիկանությունը չի պատրաստվում Մայր Աթոռից դուրս հանել սեղան-սուփրա փռած մարդկանց
- Հոգևորականին անհարիր պահվածքի համար քահանա է կարգալույծ հռչակվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան