Անկեղծ նկարիչ Ջանոն
Գեղանկարիչ Ջանիկ Գասպարյանը 92 տարեկան է, բայց տարիքը նրան չի խանգարում շարունակել իր սիրելի գործը՝ ստեղծագորելը։
«Ջանոն միշտ նկարում է, ինչ իրեն հիշում եմ, միայն նկարում է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասում է նկարչի դուստրը՝ մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյանը։
Ջ. Գասպարյանի արվեստանոցում միայն նկարներ կարելի է տեսնել՝ իր և կնոջ. «Թաքցրած նկար չկա, բոլորը ցուցադրված են՝ կամ գետնին փռած, կամ անկողնուն, ու, իհարկե, պատերին»։
Նաիրա Մուրադյանը նշում է, որ շատ բան է սովորել Ջանիկ Գասպարյանից, «նկարիչներին իր միջոցով եմ սիրել»։ Հայր և դուստր արվեստագետների «ամենանկարիչը Պիկասոն է»։
Հարցին՝ Ձեր գործերը տեսնելիս՝ ինչպե՞ս է արձագանքում՝ հիացմունք, նկատողություն... մուլտիպլիկատորն ասաց. «Ինքը սիրում է ցույց տալ ու կարծիք հարցնել, ես էլ իրեն չեմ ցույց տալիս իմ արածները, որովհետև միայն գովում է, երբեք չի քննադատում, իսկ դա հետաքրքիր չի»։
«Ինքն անկեղծ նկարիչ է, երբեք չի նկարում այնպես, որ դուր գա շատերին, միայն այնպես, ինչպես իրեն է դուր գալիս»,- ասում է Ն. Մուրադյանը։
Հնարավո՞ր է առաջիկայում կազմակերպվի Ջանիկ Գասպարյանի ցուցահանդեսը հարցին ի պատասխան նա ասաց. «Ինքը դրա հավեսը չունի։ Մի ժամանակ Ազգային պատկերասրահում 2 գործ կախված էր, ժամանակակից նկարիչների դահլիճում, բայց հիմա չկան ու չգիտեմ էլ ուր են, հավանաբար արխիվում»։
Ջանիկ Գասպարյանը ծնվել է 1927 թ. մարտի 2-ին Երևանում: 1947 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1953 թվականին` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։ Նկարչի գրաֆիկական և գեղանկարչական գործերի հիմնական մոտիվը Հայաստանի բնությունն է: Ջանիկ Գասպարյանի ստեղծագործությունները պահպանվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների թանգարանում և այլուր:
(առաջին երեքը՝ վերջին արված աշխատանքներից)
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին