16-ամյա բնապահպան Գրետայի կտրուկ ու հուզիչ ելույթը ՄԱԿ-ում. Ինչպես ե՞ք համարձակվում
ՄԱԿ-ի կլիմայի գագաթնաժողովում 66 երկիր պարտավորվել են մինչև 2050 թվականը հասնել մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումների զրոյական հաշվեկշռի: Այս մասին գրում է euronews-ը։
Իսկ ահա Շվեդիայի 16-ամյա էկո-ակտիվիստ Գրետա Թանբերգը, որն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի, մեղադրել է քաղաքական գործիչներին անգործության մեջ։
«Ես այստեղ չպետք է լինեմ, ես պետք է դպրոցում լինեի, իմ երկրում, օվկիանոսի մյուս կողմում: Բայց դուք դիմում եք մեզ՝ երիտասարդներիս, հույսի՞ համար: Ինչպես ե՞ք համարձակվում: Դուք գողացել եք իմ երազանքները, իմ մանկությունը՝ ձեր դատարկ խոսքերով: Եվ ես դեռ բախտավոր եմ: Մարդիկ տառապում են, մարդիկ մահանում են, ամբողջ էկոհամակարգերը փլուզվում են, մենք տեսակների զանգվածային ոչնչացման եզրին ենք, բայց այն ամենը, ինչի մասին կարող եք դուք խոսել՝ փողն է և տնտեսական աճի մասին հեքիաթները: Ինչպես ե՞ք համարձակվում»,- ամբիոնից հայտարարել է Գրետա Թանբերգը՝ դիմելով աշխարհի ղեկավարներին։
Հիշեցնենք, որ Գրետա Թանբերգն այս տարվա մարտի 14-ին Շվեդիայի խորհրդարանի դիմաց նախաձեռնել էր «Ուրբաթներն ապագայի համար» բողոքի ակցիան։ Նրա առաջնորդությամբ մարտի 15-ին աշխարհի 100 երկրների դպրոցականներ երթ անցկացրեցին կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար։
Հիշեցնենք, որ 2015թ․-ի դեկտեմբերին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կնքվեց Փարիզի կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաձայնագիրը (ֆր.՝ Accord de Paris sur le climat), որը նպատակ ուներ մինչև 2020 թվականը կրճատել կամ կայունացնել ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ։ Համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի դեկտեմբերի 22-ին Նյու Յորքում։ Փարիզյան համաձայնագիրը վավերացվել է Միավորված Ազգերի Կազմակերպության անդամ 96 պետությունների, այդ թվում և Հայաստանի կողմից։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2017թ․-ի հունիսի 1-ին հայտարարեց, որ դուրս է գալիս համաձայնագրից՝ այն համարելով խոչընդոտ ԱՄՆ տնտեսության զարգացման համար։
Հարակից հրապարակումներ`
- Կլիմայի փոփոխության դեմ բողոքողները գրավել են Վենետիկի կինոփառատոնի կարմիր գորգը
- Գրետա Տունբերգը ելույթ է ունեցել Ֆրանսիայի խորհրդարանում
- Աշխարհի 100 երկրների դպրոցականներ երթ են անցկացնում կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
- Կլիմայի փոփոխության մասին ֆիլմ կնկարահանվի