Ղազինյան. Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ դատական բարեփոխումների հայեցակարգը Հայաստանում չի մշակվել
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանին նախ ուրախացրել է իշխանությունների կողմից ներկայացրած դատաիրավական բարեփոխումների նախագիծը։
«Վերջապես, մեկ ու կես տարվա ընթացքում իշխանությունը կարողացավ մշակել ու ներկայացնել կոնկրետ մի ոլորտի զարգացման մի ինչ-որ հայեցակարգ։ Սա մեզ պետք է ոգևորեր, որովհետև կարծես թե կառավարությունը սկսկեց աշխատել»,- «Հայաստանի Հանրապետության դատաիրավական բարեփոխումների հիմնական ուղղությունները» խորագրով խորհրդաժողովի ժամանակ ասաց Ա. Ղազինյանը։
Սակայն որոշ ժամանակ անց իրավագետը տխրել է, այսօր համոզված պնդում է, որ հայեցակարգը մշակվել է Հայաստանից դուրս։
«Ուրեմն 2018-ի դեկտեմբերին հրապարակվեց մի փաստաթուղթ, որը շատ չքննարկվեց, չվերլուծվեց, չդարձավ հանրային ու քաղաքական քննարկման օրակարգ։ Այն վերնագրված էր «Հայաստանի վերականգնման հայեցակարգ»։ Կարծես թե Հայաստանն ավերված է եղել, հիմա պետք է վերականգնվի»,-նշեց Ղազինյանն ու թվարկեց այս հայեցակարգի հեղինակներին՝ Թրանսփարենսի Ինտերնեյշնլ հակակոռուպցիան կենտրոն, Հայաստանի հելսինկյան կոմիտե, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան, Իրազեկ քաղաքացիների միավորում, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ։
Ի դեպ, նախագիծը հրապարակված է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի էջում։
Ղազինյանը համեմատել է երկու հայեցակարգերը ու եկել համոզման, որ արդարադատության նախարարության կողմից ներկայացված դատական բարեփոխումների հայեցակարգում կրկնվում են նույն այն ելակետային ու հիմնարար դրույթները, որոնք առկա են «Հայաստանի վերականգնման հայեցակարգում»։
«Մենք քննարկում ենք մի օրակարագ, որը բացարձակապես կապ չունի Հայաստանի Հանրապետության, Հայաստանի ազգային ու պետական շահի հետ։ Ես հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ, որ այս հայեցակարգը Հայաստանում չի մշակվել, սա հայկական ծագում չունի։ Սա մշակվել է Թրանսփարենսի կազմակերպության կողմից, կոնկրետ դոնորի ֆինանսավորմամբ ու կոնկրետ ինչ-որ նպատակով։ Սա նորից եմ կրկնում, Հայաստանի Հանրապետության շահի հետ որևէ առնչություն չունի»,-ընդգծեց Ղազինյանը՝ առաջարկելով որևէ բան հակադրել դրան։
Հարակից հրապարակումներ`
- Գրիգոր Մուրադյան. Պետք է հիասթափեցնեմ, որովհետև Սահմանադրության 213 հոդվածը հնարավոր չէ փոփոխել
- ՍԴ նախագահի խորհրդական. Դատավորների հիմնական իրավունքները խախտվում են
- Սիրանուշ Սահակյան. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը խիստ քաղաքականացվում է