Գիտնականը՝ Փաշինյանի հայտարարության մասին. Գյուղը ծաղրելը խոցելի ու ծանրագույն դիագնոզ է
Սննդագիտության դոկտոր, ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ-ում Հայաստանի ագրարային երկիր լինելու մասին հայտարարություններին, հիշեցնում է՝ գյուղը պարծանք է, իսկ ագրարային քաղաքականությունը Հայաստանի համար ամենակարևոր խնդիրներից է։
«Ագրարային քաղաքականությունն անմիջականորեն առնչվում է Հայաստանի զարգացման տեսլականի հետ, լինի դա արտահանում, գյուղատնտեսական արտադրանքի մշակում, թե տուրիզմ։ Շատ լավ գիտենք, որ տուրիստների մեծ մասը գալիս է Հայաստան գաստրոնոմիական տուրիզմի երկիր՝ համեղ սնվելու, արևահամ միրգ ու բանջարեղենը փորձելու համար։ Այս պարագայում ծաղրել գյուղը, շատ խոցելի է ու ծանրագույն դիագնոզ է, որը ես վաղուց էի դրել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց գիտնականը։
Հիշեցնենք, որ Լոս Անջելես-Հայաստան համաժողովի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեցին Ամուլսարի հանքի շահագործման մասին, ի պատասխան կառավարության ղեկավարը բարկացած տոնով պատասխանեց. «Ես զարմանում եմ մեր ժողովրդի այն հատկության վրա, որ կարելի է գալ Սիլիկոնային հովտում ու եզրակացնել, որ մեզ հանք պետք չի։ Մի երկրում որի ողջ քաղաքականությունը կառուցվել է հանքարդյունաբերության վրա։ ԱՄՆ-ի պատմությունը հանքերի պատմություն է, որովհետև մարդիկ այստեղ եկել են ոսկու տենդի հետևից, հետո պղնձի, ածուխի, նավթի, գազի հետևից։ Եվ ձեր պնդումը Միացյալ Նահանգներում այն է, որ հանք պետք չի։ Դուք ասում եք, որ Հայաստանը պետք է լինի ագրարային երկիր, որտեղ միշտ պետք է դաշտերում մայեն ոչխարները, մենք էլ փափախով ծառի տակ պետք է նստած լինենք»։
Դավիթ Պիպոյանն ասում է, ինքը կառավարության ախտորոշումն արել է, երբ փակեցին գյուղատնտեսության նախարարությունը, իսկ էկոնոմիկայի նախարարության անվան մեջ բացակայում է այդ ոլորտի մասին որևէ հիշեցում։
«Մարդու գործողություններն են, որ ցույց են տալիս իր վերաբերմունքը, ոչ թե նրա խոսքը։ Ես միշտ այս օրինակն եմ բերում, երբ հայտնի ֆիլմի մեջ այլմոլորակայինները գալիս են, սկսում են կրակել ու ասել՝ մենք բոլորիդ սիրում ենք։ Հիմա եթե զուտ գործառույթային խնդիր լիներ գյուղատնտեսության ու էկոնոմիկայի նախարարությունների միավորումը, այն կկոչվեր օրինակ, էկոնոմիկայի ու գյուղի զարգացման նախարարություն։ Անունը և հիմնավորումները ցույց են տալիս այն պատկերացումները, որոնք մարդիկ ունեն ոլորտի նկատմամբ»,-ընդգծեց գիտնականը։
Նա նշում է, որ այս ոլորտում բարի ցանկություններն ու կամքը բավարար չեն, անհրաժեշտ է պրոֆեսիոնալիզմ, հակառակ դեպքում ունքը սարքելու փոխարեն աչքը կհանեն։
«Ցավալին այն է, որ Հայաստանը, լինելով ագրոպարենային ապրանքների համար բարենպաստ երկիր, ունենալով արև, այսպիսի ջուր ու ռեսուրսներ, միջազգային կառույցները գալիս են ու դպրոցներում իրականացնում են «Կայուն սնունդ» ծրագիրը՝ որպես աշխարհի վատագույն սննդակարգ ունեցող երկրներից մեկը։ Տարիներ շարունակ ես ասել եմ, այս բոլոր խնդիրները պայմանավորված են դիլետանտիկ կառավարմամբ ու բացիթողի իրավիճակի հետ, քանի որ ոլորտում առաջնորդվել են ոչ թե ռիսկի վրա հիմնված որոշումների կայացման միջազգային ու խելացիներին լսելու սկզբունքով, այլ սեփական ամբիցիաներով, մտածելակերպով ու վախերով»,-նշեց սննդագետը։
Երևանում ծնված ու մեծացած Դավիթ Պիպոյանն ագրարային համալսարան ընդունվել է 15 տարեկանում, հիշում է՝ պրակտիկայի շրջանում քաղաքաբնակ երիտասարդներն ավելի հաճույքով էին գոմ մտնում, դաշտ գնում, աղջիկները նույնիսկ եղունգներն էին կտրում կենդանիներին հետազոտելու համար։
«Գյուղը պարծանք է, գյուղ բառից չպետք է ամաչել»,-ընդգծում է այսօր արդեն մեծ հաջողությունների հասած գիտնականը։
Նա այսօր՝ հարցազրույցի ժամանակ չկարողացավ հիշել, թե վերջին անգամ երբ է գյուղոլորտի խնդրի կամ զարգացման վերաբերյալ լուրջ քննարկման կամ միջոցառման մասնակցել, հիշեցրեց, որ գործող կառավարությունը մեկ ու կես տարվա ընթացքում թաղեց ԳՁՕ-ների վերաբերյալ օրենսդրական նախագիծը։
«Ես այս ոլորտում վարվող քաղաքականություն չեմ տեսնում, դրված է ավտոպիլոտի վրա։ Այսպիսով պետությունը հայտարարեց, որ ոլորտն իրեն չի հետաքրքրում»,-ասաց նա։
Դավիթ Պիպոյանը հանքարդյունաբերության՝ գյուղատնտեսության վրա ունեցած ազդեցության մասին խոսելիս հիշում է իտալացի ավագ գործընկերոջ՝ պրոֆեսոր Նիկոլո Մերենդինոյի մտոհոգությունները, որոնք արտահայտել էր 2016-ին Panorama.am-ին տված հարցազրույցում։
Պրոֆեսորն ընդգծել էր. «Սննդի անվտանգության վատ կառավարումը բերում է սոցիալական ու տնտեսական լուրջ հետևանքների և խնդիրների»:
Հայաստանցի սննդագետը ցավով է փաստում, որ Հայաստանում այսօր ամեն օր խախտվում է «Սննդի անվտանգության մասին» ՀՀ օրենքը։
«Օրենքն ասում է, որ պետք է լինի ռիսկի վրա հիմնված գնահատում, իսկ ռիսկը չափում է գիտական մարմինը, որին մինչ օրս կառավարությունը համառորեն չի նշանակում։ Այս պարագայում ես կարող եմ ասել՝ երբ երկիրը իրավական պետություն չէ, կապ չունի դա նախկի՞ն ոչ իրավական պետություն է, թե՞ ներկա։ Ի վերջո, ինձ համար միշտ գոյություն է ունեցել իրավունքի ուժ, ոչ թե ուժի իրավունք։ Ես միշտ խոսում եմ իրավունքի տեսանկյունից, որովհետև դա պրոֆոսիոնալ աշխատանքի սկզբունք է։ Իսկ մեր կառավարությունը, նաև գործողը չունեն պրոֆեսիոնալիզմ և նրանց արած բոլոր հայտարարությունները ոչ պրոֆեսիոնալ ու դիլետանտական են»,-ասաց կենտրոնի տնօրենը։
Այսօր ամբողջ աշխարհը շարժվում է կայուն գյուղատնտեսություն, իսկ հանքարդյունաբերությունը խանգարում է դրան։
«Ես երեկ մանրամասն կարդացել եմ 2016-ին հրապարակված Panorama.am-ի հոդվածը, պրոֆեսորը ներողություն է խնդրում իր օգտագործած ամեն բառի համար, ասում է՝ «կներեք, բայց մենք նախապատվություն ենք տալիս այլոց երկրները ավիրելուն, ոչ թե մերը»։ Այսինքն, նրանք հանքը շահագործում են այլ երկրում, թունավորում են այլ երկրի բնակիչներին, իսկ իրենք զարգացնում են կայուն գյուղատնտեսությունը, ավելի քիչ թունաքիմիկատներ են օգտագործում, առողջությանը նպաստող գյուղատնտեսական պրակտիկաներ են կիրառում և այդ պարանքները վաճառում են ավելի բարձր գնով։ Եթե քո երկիրն աղտոտված է, դու այլևս չես կարող բարձրարժեք գյուղատնտեսություն ու արտահանում ունենալ։ Հանքը կավարտվի, Հայաստանին կմնան թափոններն ու հետևանքները, իսկ նրանք կզարգանան։ Այս թիմով, այս պրոֆեսիոնալիզմով, այս մտածելակերպով գյուղի զարգացմամբ Հայաստանը գյուղատնտեսության ու ագրոպարենային ինովացիաների ոլորտում որևէ քայլ առաջ գնալ չի կարող»,-ընդգծեց Դավիթ Պիպոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Պիպոյան. 100 տոկոսով անվտանգ շահագործման մասին խոսելը նշանակում է ոլորտին չտիրապետել
- Հրաչ Բերբերյան. Վերջին հարվածն են հասցնում գյուղատնտեսությանը
- Հայաստանը պարենի ինքնաբավության առումով հետընթաց է ունեցել
- Իտալացի պրոֆեսորի հիշեցումը. Սննդի անվտանգության վատ կառավարումը բերում է սոցիալական ու տնտեսական լուրջ հետևանքների