Գրիգոր Մուրադյան. Պետք է հիասթափեցնեմ, որովհետև Սահմանադրության 213 հոդվածը հնարավոր չէ փոփոխել
Իշխանության կողմից առաջարկվող սահմանադրական բարեփոխումներով ռազմավարական որևէ խնդիր չի դրվում։ Այսօր նման կարծիք հայտնեց ՍԴ նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանը՝ ելույթ ունենալով «Հայաստանի Հանրապետության դատաիրավական բարեփոխումների հիմնական ուղղությունները» խորագրով խորհրդաժողովի ժամանակ։
«Տպավորություն է, որ այդ բարեփոխումներն իրականացվելու են նրա համար, որովհետև գործող Սահմանադրությունը սահմանադրական հանրաքվեի ենթադրյալ ոչ լեգիտիմության պատճառով որոշակի խնդիրներ ունի։ Իբրև թե ունի։ Թեև մենք՝ իրավաբաններս սովոր ենք, որ գործում է օրինականության սկզբունքը և իրավական ակտերի օրինականության կանխավարկածը, բայց պարզվում է, որ կարելի է որևէ փաստաթղթում, կառավարության որոշմամբ փաստել սահմանադրության լիգիտիմության դեֆիցիտի մասին։ Տպավորությունն այն է, որ սա արվում է այդ հանգամանքը փաստելու համար»,-ասաց նա։
Մուրադյանի համոզմամբ, սահմանադրական բարեփոխումների կարևոր խնդիրը Սահմանադրության 213 հոդվածի հարցը վերջապես լուծելն է։
«Շատ անհաջող փորձ է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային մոտեցումները, եթե կարելի է այդպես որակել, տեղավորել դատական-իրավական բարեփոխումների ռազմավարության սահմաններում, եթե իհարկե, դա ռազմավարություն է։ Սա ուղղակի աններելի սխալ է, այն պարզ պատճառով Սսահմանադրական բարեփոխումների արդյունքում պետք է կանխորոշվի իրավական-դատական բարեփոխումների ռազմավարությունը։ Պետք է հիասթափեցնեմ այս նախագծի հեղինակներին, որովհետև 213 հոդվածը հնարավոր չէ փոփոխել, այն կատարմամբ իրացվել է»,-ասաց իրավաբանը։
Հիշեցնենք, որ 213 հոդվածը սահմանում է.
«Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը
Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը»։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ նախագահի խորհրդական. Դատավորների հիմնական իրավունքները խախտվում են
- Սիրանուշ Սահակյան. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը խիստ քաղաքականացվում է