Թրամփ-Էրդողան հանդիպման խաղադրույքներն աճում են
Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Նյու Յորքում հանդիպելու է ԱՄՆ-ի իր պաշտոնակից Դոնալդ Թրամփին։
Սիրիայի հարցը կդառնա նրանց միջև այսօր նախատեսված հանդիպման օրակարգի գլխավոր հարց։ Էրդողանը սպառնում է միակողմանի հարձակում իրականացնել ընդդեմ Սիրիայի տարածքում տեղակայված քրդկան այն ուժերի, որոնք համարվում են ծայրահեղական Դաեշի դեմ պայքարում ԱՄՆ-ի դաշնակից, սակայն Թուրքիայում՝ ահաբեկիչներ։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Ինչպես թուրք վերլուծաբաններից Սոլի Օզելն է ասում, եթե Թուրքիան դիմի նման քայլի, առանց ԱՄՆ-ի համաձայնության, երկու երկրների միջև առաջ կգա մի նոր ճգնաժամ։
Կողմերի միջև հարաբերությունների սրման մյուս պատճառը Ռուսաստանից S-4ՕՕ տիպի հրթիռային համակարգ գնելու Անակարայի որոշումն էր։ Չէ որ Վաշինգտոնը շարունակաբար է պնդում, որ այդ զենքի գնումը ոտնահարում է ամերիկյան օրենքները, իսկ զենքն ինքնին հակասում է ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգին։
Ռուսական զենք գնելու արդյունքում Անկարան կարող է հայտնվել ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո, սակայն Էրդողանի խորհրդական Մեսութ Չասինի կարծիքով, երկու նախագահների հանդիպումը կարող է նոր լուծում հաղորդել խնդրին։
Հիշենք, որ որպես Թրամփին ուղղված հաշտության մի նշան, Էրդողանն այս ամիս հայտարարեց, թե կարող է «Փաթրիոթ» մակնիշի հրթիռային համակարգ էլ գնել ԱՄՆ-ից։
Ու չնայած լարվածությանը, երկու նախագահները հայտարարում են, որ միմյանց միջև առկա են աշխատանքային լավ հարաբերություններ։ Անակարան էլ հույսը դնում է այդ մոտեցման վրա։
Անկարան այս ընթացքում փորձում է սիրաշահել Թրամփին,- ասում է Սոլի Օզելը ու ավելացնում, որ Թրամփն էլ ընդունում է այն։ Այնպես որ, ինչ որ ընդհանուր բան կա նրանց միջև և Թրամփի նկատմամբ Էրդողանի վստահությունն իրեն արդարացրել է։
Եվ այս պահին, երբ թուրքական ուժերը շարունակում են նոր կուտակումներ Սիրիայի սահմանին ընդդեմ Վաշինգտոնի կարևոր դաշնակից քրդական ուժերի, Թրամփ-Էրդողան հանդիպման խաղադրույքներն աճում են։