Սիրանուշ Սահակյան. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը խիստ քաղաքականացվում է
«Կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում փոփոխություններ են կատարվել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման մասին» օրենքում։ Իմ գնահատմամբ, այս փոփոխությունները ոչ թե ուժեղացնում են դատական իշխանությանը, այլ հակառակը»,-նման կարծիք հայտնեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը «Օպերա Սյութ» հյուրանոցում ընթացող «Հայաստանի Հանրապետության դատաիրավական բարեփոխումների հիմնական ուղղությունները» խորագրով խորհրդաժողովի ժամանակ։
Բանախոսն ընդգծեց, որ փոփոխությունները կոռուպցիայի դեմ պայքարի հովանու ներքո լրացուցիչ ազդակներ են ստեղծում դատական իշխանության նկատմամբ։ Նա մանրամասնեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրվել են երկու լուրջ լիազորություններ, որոնք ներազդող են դատական իշխանության նկատմամբ։
«Դրանցից մեկը հնարավոր կոռուպցիոն ներգրավվածության վերաբերյալ ուսումնասիրությունների կատարումն է, ընդ որում այս գործընթացում բավարար թափանցիկություն ու պաշտպանության երաշխիքներ ուսումնասիրության օբյեկտ հանդիսացող անձի նկատմամբ նախատեսված չեն։ Ավելին, ընթացակարգերը հստակ կանոնակարգված չեն, և պարզ չէ, թե այս ուսումնասիրությունն ինչ գործիքակազմ ունի, այն ինչ միջոցներով պետք է իրականացվի, որի արդյունքում էլ հնարավոր կոռուպցիոն գործարքների մասին եզրակացություն է տրվելու»,-խնդիրը մատնանշեց մասնագետը։
Հաջորդ մտահոգիչ փաստը, որի մասին խոսեց Սիրանուշ Սահակյանը, այն է, որ բացի արդարադատության նախարարից ու էթիկայի հարցերով կարգապահական հանձնաժողովի, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունք է ստանում նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ հայտարարագրման խախտումների հետ կապված։
«Իմ տրամաբանությամբ, եթե մենք ուժեղացնում ենք պետական մարմնին, դա պետք է հանգեցնի պետական մարմնի անկախության ուժեղացմանը։ Մինչդեռ փոփոխվում են այդ հանձնաժողովի ձևավորման սկզբունքները, եթե 2018-ին ընդունված օրենքը նախատեսում էր մրցութային ու հրապարակային գործընթացներում լավագույն թեկնածուին ի հայտ բերում, ինչի արդյունքում հինգ լավագույն թեկնածուները ներկայացվում էին խորհրդարանին, իսկ վերջինս էլ ձայների մեծամասնությամբ ընտրում էր հանձնաժողովի անդամներին, ապա հիմա մենք տեսնում ենք, որ մրցութային գործընթացը վերացել է»,-ասաց իրավաբանը։
Հիմա նախատեսվում է ուղղակի թեկնածուների առաջադրում քաղաքական ուժերի՝ իշխող ու ընդդիմադիր ուժերի կողմից։
«Մենք այստեղ տեսնում ենք, որ պրոցեսը գերքաղաքականցվում է։ Ավելին, ընտրությունը տեղի է ունենում պառլամենտի կողմից, որտեղ իշխող քաղաքական ուժն ունի բավարար ձայներ, ընդդիմությունն իրենց թեկնածուներին ինքնուրույն ընտրելու հնարավորություն չունի և պետք է ակտիվ բանակցությունների մեջ մտնեն քաղաքական ուժի հետ, որպեսզի իրենց առաջադրած թեկնածուներն ընդունելի լինեն իշխող քաղաքական ուժի կողմից։ Արդյունքում մենք ստանում ենք խիստ քաղաքականացված կազմ, որը բնականաբար չի կարող ինքնուրույն ու անկախ կերպով իր խնդիրները լուծել, հատկապես դատական իշխանության նկատմամբ, որին տրվել է այպես կոչված վեթթինգի հնարավորությունը»,-խնդիրը մանրամասնեց նա։
Բանախոսը մտոհոգություն հայտնեց, որ մեղմացել են հանձնաժողովի անդամների համար ներկայացվող պահանջները, որոշ դեպքերում դրանք զուրկ են որևէ տրամաբանությունից։
«Օրինակ, կա պահանջ, որ անդամներից մեկը պետք է ունենա տնտեսագիտական բարձրագույն կրթություն»,-նկատեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան