«Սեպտեմբրֆեստ»՝ մրգօղու փառատոն Կողբում
Նոյեմբերյանից 4 կմ հեռու գտնվող Կողբ համայնքում սեպտեմբերի 28-ին կանցկացվի «Սեպտեմբրֆեստ» մրգօղու փառատոնը։ Փառատոնի ընթացքում բացօթյա տաղավարներում հյուրերը հնարավորություն կունենան համտեսելու պտղային և հատապտղային թորած օղիներ, համեղ ուտեստներ, ծանոթանալու տեղի մշակութային արժեքներին, ամենակարևորը՝ վայելել Կողբի հրաշք բնությունը։
Հյուրերը կկարողանան նաև տեղում տեսնել և մասնակցել օղու թորման գործընթացին, գորգ գործել, զբաղվել խեցեգործությամբ, սովորել ազգագրական պարեր, մասնակցել մի շարք մրցույթների:
Այսպիսով, սա մի հարթակ է, որտեղ սահմանապահ գյուղացիները կշփվեն զբոսաշրջիկների, վերջիններս էլ կծանոթանան տեղի մշակութային արժեքների հետ:
Կազմակերպիչները վստահ են, որ փառատոնն ավանդական կդառնա, և զբոսաշրջիկները կայցելեն Հայաստան՝ հատուկ «Սեպտեմբրֆեստ»-ին մասնակցելու համար։
Փառատոնի կազմակերպիչ Կարեն Քոչարյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց, որ փառատոնին ներկա են լինելու ոչ միայն Տավուշի մարզի բնակիչները, այլև Արարատի, Սյունիքի մարզերի, Արցախի բնակիչները։
«Նրանք կներկայացնեն իրենց այգու բերք ու բարիքը, իրենց ձեռքով պատրաստած տնական օղիները»,-նշեց նա։
Նրա խոսքով՝ Կողբում աճում են գրեթե բոլոր մրգերն ու հատապտուղները, որոնցից էլ գյուղացիները պաստրաստում են տնական օղի, և փառատոնի ժամանակ նրանք հյուրերին կներկայացնեն սալորից, դեղձից, թթից, հոնից, ազնվամորուց, ինչպես նաև արքայանարնջից պաստրաստած օղիների տեսականին։
Նա նաև ասաց, որ թորած մրգօղին կարող է նաև դառնալ հայկական արտահանման բավականին լուրջ բրենդ։
Կարեն Քոչարյանը նշեց, որ նման փառատոնները շատ անհրաժեշտ են հատկապես սահմանամերձ գյուղերի բնակիչների համար։
«Ժամանակն է, որ բացի Երևանից մարդկանց ուշադրությունը սևեռվի նաև մարզերին։ Մարզերի՝ հատկապես սահմանամերձ գյուղերի զարգացումն առաջնահերթ է։ Դիրքերում կանգնած զինվորը պետք է զգա, որ իր թիկունքում զարգացող համայնքեր կան»,- ասաց Կարեն Քոչարյանը՝ հավելելով, որ նման միջոցառումները նաև նպաստում են ենթակառուցվածքների, փոքր բիզնեսի զարգացմանը, հյուրընկալող և շրջակա համայնքների տնտեսական ակտիվացմանը, ներդրումների ներգրավմանը։
Նրա խոսքով՝ իրեն միշտ զարմացրել է, թե Տավուշի նման բնությունն ինչպես կարող է անտեսված լինի. «Ես համոզված եմ, որ մարդիկ սեպտեմբերին 28-ին կհամոզվեն, թե ինչ հրաշք բնություն ունի Տավուշը։ Միայն գույներին նայելով ուղեղդ և հոգիդ հանգստանում է»։
Կողբ համայքնի ղեկավար Արսեն Աղաբաբյանն էլ ասաց, որ բացի տնական օղիներից, փառատոնի շրջանակում կներկայացվի իրենց գյուղի մշակույթն ու պատմությունը.«Վստահ եմ, որ այցելուները կհիանան մեր մշակույթով»։
Կազմակերպիչները հայտնեցին, որ փառատոնը կմեկնարկի ժամը 11։00-ին և կտևի մինչև 19։00-ն։ Փառատոնին մասնակցությունը, ինչպես նաև գյուղացիների բերք ու բարիքի համտեսումն անվճար է:
Հարակից հրապարակումներ`
- Կողբի «Թումոյի» չափալախը, իրականացած ու ճամփին մնացած երազանքները
- Դեպի սահման. Հայրենիքն այստեղից է սկսվում