Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Թունիսի իր գործընկերոջը
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Թունիսի ԱԳ նախարար Խեմայիս Ջինաուի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հայաստանի և Թունիսի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը համատեղ ջանքերով նպաստել առկա օրակարգի ընդլայնմանը և ամրապնդմանը: Այդ առնչությամբ առանձնահատուկ կարևորվել է երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կանոնավոր քաղաքական խորհրդակցությունների անցկացման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:
Հայաստանի և Թունիսի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից անդրադարձ են կատարել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ որպես ֆրանկոֆոն արժեքները կիսող պետությունների միջև համագործակցությունն ապահովող արդյունավետ հարթակի գործունեությանը և մտքեր են փոխանակել հաջորդ տարի Թունիսում կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ որպես Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահող երկիր՝ Հայաստանը մեծապես կարևորում է ՖՄԿ սերտ համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Եվրոպայի խորհուրդը:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իր թունիսցի գործընկերոջը ներկայացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների, սմարթ զարգացման, ստեղծարար կրթության և նորարարության ոլորտներում Հայաստանի ձեռքբերումները՝ կարևորելով տվյալ ուղղություններով փոխգործակցության ներուժի լիակատար իրացման ուղղությամբ անմիջական շահառուների ներգրավմամբ ծրագրերի իրականացումը։
Զոհրաբ Մնացականյանը և Խեմայիս Ջինաուն գոհունակություն են հայտնել միջազգային և տարածաշրջանային կառույցներում հաստատված արդյունավետ համագործակցության և փոխադարձ աջակցության առնչությամբ։