Գլխավոր դատախազ. Վկաների պաշտպանությունն իսկապես շատ կարևոր խնդիր է
ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակ է ունեցել։ Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Ընդհանրապես, խոսելով վկաների պաշտպանության մասին, դատախազն ասաց․ «Դա իսկապես շատ կարևոր խնդիր է, և մեր երկրում այսօր մենք այդ ինստիտուտը զարգացնելու խիստ անհրաժեշտություն ունենք: Մենք Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքում նախատեսել ենք այդպիսի պաշտպանության կամ անվտանգության միջոցներ, սակայն դրանց կառուցակարգեր երբեք նախատեսված չեն եղել, գործնականում բազում բարդություններ են առաջացել: Ներկայումս օրենսդրական փաթեթն առկա է և հույս ունենք, որ դրա կիրառման արդյունքում կիրացվեն այդ պաշտպանության միջոցները: Դրա համար անհրաժեշտ նյութական և տեխնիկական բազա կապահովվի, որ հնարավոր լինի ցանկացած քրեական գործով պաշտպանության անհրաժեշտություն ունեցող վկաների անվտանգությունն ապահովել»:
Հարցին, թե կոնկրետ քայլեր արվո՞ւմ են «Մարտի 1»-ի գործով այլ վկաների անվտանգությունն ապահովելու համար, Ա. Դավթյանն ասաց, որ այն քայլերը, որ արվել ու արվում են, ըստ էության, գաղտնիության ռեժիմով իրականացվող քայլեր են, որոնք պարտավոր են օպերատիվ մարմիններն ուղղակի իրականացնել:
Հարցին, թե այն լրագրողները, որոնք հրավիրվել են հարցաքննության, պարտավո՞ր են բացահայտել իրենց աղբյուրը, եթե չբացահայտեն, ի՞նչ է լինելու, գլխավոր դատախազն ասաց, որ իրականացվելու են օրենքով սահմանված գործառույթներ։
«Ի տարբերություն իրենց մասնագիտական ունակություններն ու ընձեռած հնարավորությունները անբարեխիղճ օգտագործողների, իրավապահ մարմինները, ցավոք, այդ հարթությունում դեռևս բարոյական նորմերի ազդեցությանն են ապավինում։
Ես վստահ եմ, որ առաջիկայում անհրաժեշտությունը նաև հանրային ընկալման մեջ կլինի և դա կբերի օրենսդրական, իրավական լուրջ փոփոխությունների, որ որևէ մեկը չնստի հորինի ինչ-որ մի բան, կամ ինչ-որ մեկի հետ անձնական խնդիրներ լուծելու համար ինչ-որ հորինվածք տա լրատվամիջոցին և արդյունքում թաքնվի գաղտնիությունը հրապարակելու կամ խոսքի ազատության իրավունքի տակ»,- նշեց Ա. Դավթյանը:
Գլխավոր դատախազն ասաց, որ այդ քրեական գործին ամենաօպերատիվն արձագանքել է պատասխանատվություն ունեցող իրավապահ մարմինը, և նրա ձեռք բերած տվյալներում այդպիսի տեղեկություններ չկան, որոնք հրապարակել են կոնկրետ լրատվամիջոցները:
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Հարությունյան. ՔԿ-ն երբեք որևէ կերպ չի խոչընդոտում լրատվամիջոցին՝ որևէ տեղեկատվություն տարածելուն
- ՄԻՊ-ը ողջ ընթացքում կապի մեջ կլինի երկու խմբագրությունների ղեկավարների հետ
- ՔԿ. Հայկ Հարությունյանի մահվան և դրա նախորդող օրվա ընթացքում որևէ անձ նրա առանձնատուն մուտք չի գործել
- Հայկ Հարությունյանը դեպքին նախորդող ժամանակահատվածում օգտագործել է զգալի քանակությամբ ալկոհոլ. ՔԿ
- Հայկ Հարությունյանի մահվան փաստով՝ հարցաքննվել է դեպքի վայրում նրա հետ գտնվող անձը. ՔԿ
- Հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան