Մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին. ՀՔԾ
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին և 334-րդ հոդվածի 1-ին մասերով:
ՀՔԾ-ից հայտնում են, որ ըստ առաջադրված մեղադրանքի, 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, համատեղությամբ նաև 2006 թվականի մարտի 14-ից ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և ՀՀ նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարված առանձնապես ծանր հանցագործության՝ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները, ինչպես նաև հանցագործության հետքերը, այն է՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված անօրինական գործողությունները և ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու և մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածն իրավաչափ քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով, ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց հետ հանցակցությամբ, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ 2008 թվականի մայիսի 29-ից ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի և սույն քրեական գործով նշված ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնի միջոցով կազմակերպել են նշված՝ առանձնապես ծանր հանցագործությունը նախապես չխոստացված պարտակելը՝ իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, պաշտոնեական կեղծիքների կատարման և ապացույցները կեղծելուն:
Իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Գևորգ Կոստանյանը և Գևորգ Մհերյանը 2008 թվականի մայիսի 29-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում այցելել են ՀՀ ոստիկանության վարչական շենք, որտեղ վերջիններիս հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը իր աշխատասենյակին կից խորհրդակցությունների սենյակում հրավիրել է խորհրդակցություն: Խորհրդակցությանը ներկա են գտնվել ՀՀ ոստիկանության բոլոր ծառայությունների պետերը, ովքեր առնչություն են ունեցել մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում իրականացված արտաքին ծառայությանը: Խորհրդակցության ընթացքում Գևորգ Կոստանյանն ու Գևորգ Մհերյանը մասնակիցներին են ներկայացրել «Աշխատանքային պլան, պարզաբանման ենթակա հարցեր» վերնագրմամբ, 25 կետից բաղկացած հարցաշար, որում տեղ գտած հարցերը վերաբերել են մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններին ոստիկանության բոլոր ծառայությունների կողմից իրականացրած գործողություններին: Գևորգ Կոստանյանն ու Գևորգ Մհերյանը, խորհրդակցության մասնակիցներին ներկայացնելով հիշյալ հարցաշարը, պահանջել են հետին ամսաթվերով կազմել և պաշտոնական շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության կողմից կատարված գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր: Խորհրդակցությունից հետո ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը և ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք ձեռնամուխ են եղել Գևորգ Կոստանյանի և Գևորգ Մհերյանի կողմից տրված ցուցումներն ու հանձնարարությունները կատարելուն:
Մանրամասները՝ ՀՔԾ պաշտոնական կայքում։
Հարակից հրապարակումներ`
- ՀՔԾ-ն կարճել է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին եւ Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանին առնչվող քրեական գործը
- Ֆեյսբուքյան խաժամուժը «կամանդա ֆաս»-ից հետո հարձակվում է նախկին իշխանավորների վրա. Ալիկ Սարգսյան
- Չի բացառվում, որ իմ նկատմամբ էլ քրեական գործ հարուցվի. Ալիկ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան