Էրդողանը՝ ՄԱԿ-ում. Անընդունելի է, որ Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները դեռևս օկուպացված են
Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում մեկնարկած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ելույթ է ունեցել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը, որն իր խոսքի մեծ մասը հատկացրել է Սիրիայի իրավիճակին, Սիրիայում անվտանգության գոտու հաստատմանը, միգրանտների խնդրին։
Էրդողանն անդրադարձել է նաև Հարավային Կովկասին ու հայտարարել, որ արդար ու խաղաղ ապագայի համար շատ կարևոր է նաև, որ Հարավային Կովկասը դադարի լինել աշխարհում հակամարտությունների տարածքներից մեկը։
«Անընդունելի է, որ Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները, որոնք ադրբեջանական տարածքներ են, դեռևս օկուպացված են՝ չնայած ընդունված բանաձևերին»,- ասել է Էրդողանը։
Էրդողանն անդրադարձել է նաև Կիպրոսի խնդրին ասելով, որ չնայած 5 տասնամյակ բանակցություններին՝ Կիպրոսի հարցը չի լուծվում «Կիպրոսի հույների փոխզիջման չգնալու դիրքորոշման պատճառով» և Թուրքիան շարունակելու է հանդես գալ որպես Կիպրոսի թուրքերի իրավունքների երաշխավոր։
Էրդողանը, անդրադառնալով Իրանին, նշել է, որ հույս ունեն, որ այս երկրին ուղղված սպառնալիքների հարցը կլուծվի ռացիոնալ շրջանակում։
Թուրքիայի նախագահը խոսել է միջուկային տերությունների և ոչ միջուկային երկրների միջև տարանջատման մասին, հայտարարելով, որ անհավասարությունը «բավարար էր գլոբալ հաշվեկշիռները խաթարելու համար»:
Էրդողանի խոսքերով, միջուկային էներգիայի տիրապետումը պետք է կամ բոլորի համար արգելվի, կամ բոլորի համար էլ թույլատրելի լինի։
Էրդողանը նշել է, որ այսօր Պաղեստինի տարածքը Իսրայելի օկուպացիայի տակ է, որ դարձել է անարդարության օրինակ։ Էրդողանն իր խոսքերը պատկերավոր է դարձրել Իսրայելի ու Պաղեստինի տարածքների ցուցադրած քարտեզով՝ սկսած 1947թ.-ից և այժմ, ու պահանջել արդարության վերականգնում Պաղեստինի համար։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան