Նախարար. ՔԿՀ-ներում օրենքով գողերի ազդեցության հարցն ամբողջությամբ լուծված չէ
«Արմավիր» ՔԿՀ-ում ոչ մի ազատազրկված անձ հացադուլի մեջ չի, ընդամենը մի քանի հոգու տեղափոխության հարցի շուրջ խնդիրներ են եղել, որն արդեն հարթվել է։ Լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ՔԿՀ-ներում օրենքով գողեր, քրեական հեղինակություններ կա՞ն, ինչպե՞ս եք փորձելու նրանց ակտիվությունը զսպել, կարգ ու կանոն հաստատել, նախարարն ասաց. «Այո, կան։ Համալիր միջոցառումների շրջանակներում, քրեակատարողական ոլորտում ունենք հրապարակված ռազմավարություն, քննարկման փուլում է»։
Հարցին՝ նրանք շարունակո՞ւմ են արտոնյալ պայմաններում մնալ, Ռ. Բադասյանն ասաց. «Ես, անկեղծ լինելով եթե ասեմ, ամբողջությամբ վերացված է նրանց ազդեցությունը, ոչ, սակայն օրենքի շրջանակներում գործնականում քրեակատարողական ծառայողների կողմից քայլեր կատարված են»։
Նա նշեց, որ քրեակատարողական համակարգում կան խորքային խնդիրներ, բազմիցս հայտարարել են, որ, այո, կան նման ինստիտուտներ և նրանք, այո, ունեն որոշակի ազդեցություն քրեակատարողական համակարգի ներսում:
«Մենք նաև ասել ենք մեր պայքարի մեթոդաբանությունը, հրապարակել ենք ռազմավարությամբ: Գործնականում կատարել ենք քայլեր, որ հաջորդական քայլերի միջոցով հասնենք նրանք, որ ՔԿՀ-ներում լինի միայն մեկ գերակայություն՝ օրենքի գերակայություն: Ռազմավարությունը 4 տարվա շրջանակում է է, որոշակի տոկոսայնությամբ կհաստատվի այս տարի»,-ասաց նախարարը:
Հարցին, թե 4 տարի հետո կարո՞ղ են արձանագրել, որ նրանք այլևս իրենց դիրքերը չեն հաստատի ՔԿՀ-ներում, բոլորը հավասար կլինեն, Ռ. Բադասյանը պատասխանեց. «Նախ, այդպիսի խզում այս պահին արդեն իսկ չկա, իսկ ինստիտուցիոնալ մակարդակում, այո, հույս ունենք, որ 4 տարում հասնելու ենք»:
Եթե դատապարտյալները պատրաստվեն նոր բունտ անել, ասել էիք՝ «թող համարձակվեն», այսինքն ուժ եք կիրառելու, հարցին ի պատասխան Ռ.Բադասյանն ասաց. «Կոչ եմ անում բոլորին ենթարկվել քրեակատարողական օրենսդրությանը, հետևել դրան և դրսևորել իրավաչափ վարքագիծ։ Կլինեն օրինախախտումներ, դրանց կլինեն համապատասխան, համաչափ, օրենքով սահմանված գործողություններ»։
Հարակից հրապարակումներ`
- Հացադուլ հայտարարած դատապարտյալներ չկան. ՔԿՀ-ի պարզաբանումը
- Նուբարաշենի ՔԿՀ-ում կալանավորները կոտրել են դռները, վառվող առարկաներ են նետել պատուհանից դուրս
- Քկհ-ներում անհնազանդության գործողություններ են եղել