Բադասյան. Տպավորություն կա, որ ամենավատ, ամենակոռումպացված համակարգը դատականն է
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը օրենսդիր մարմնի կողմից Սահմանադրական դատարանի նկատմամբ ճնշում չի տեսնում: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ օրենսդրի ներկայացուցիչերի կողմից ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկումը ՍԴ-ի վրա ճնշում չէ. «Ազգային ժողովը Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններն է իրականացնում»։
Ինչ վերաբերում է հարցին, որ մեծ թվով դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ են հարուցված, նախարարն ասաց, որ երկու դատավորի մասով Բարձրագույն դատական խորհրդին միջնորդություն է ներկայացվել։
«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ կա մոտեցում, որ, կարծես թե, ամենավատ համակարգը դատականն է, ամենակոռումպացված, շատ վատ մարդիկ են հավաքված, մտածում են՝ ինչ անեն, որ կոռուպցիան շարունակեն։ Ուզում եմ ցրել այդ կասկածները, տպավորությունը։ Դատական համակարգն ունի նույնքան խնդիր, պրոբլեմ, որքան ունեն այլ պետական մարմինները, կամ կարող են ունենալ։ Որևէ տրամադրվածության դատավորների նկատմամբ, որ անպայման կենտրոնանալու ենք և լիազորություններն ամբողջությամբ ուղղելու ենք, որ դատավորների նկատմամբ պատժիչ ֆունկցիաներ անենք, ոչ, չի լինելու նման բան, կարգապահական վարույթներ հարուցվելու են և Բարձրագույն դատական խորհրդին միջնորդություն է ներկայացվելու, երբ վստահ լինենք, որ տվյալ դեպքում տեղի է ունեցել կարգապահական խախտում, որի շեմը բավական բարձր է դրված։ Եղել է դեպք, երբ վարույթը հարուցվել է, միջնորդությամբ հանդես չեմ եկել, կարճել եմ՝ համոզվելով, որ այդ շեմը չի հաղթահարվում»,- ասաց Ռ. Բադասյանը։
Դիտարկմանը, միգուցե վարչապետի հայտարարություններից հետո՞ է նման տպավորության ստեղծվել, նախարարն ասաց. «Ոչ, կարծում եմ վարչապետի խոսքերը մեկնաբանելուց են առաջանում։ Երբ վարչապետն ընդհանուր դիտարկումներ է կատարում, հետո անդրադառնում է որոշակի կոնկրետ, մասնավոր դեպքի, կան ուժեր, խմբակներ, որոնք այդ մասնավորը տարածում են ընդհանուրի վրա, խեղաթյուրում են վարչապետի խոսքը և հասարակության շրջանում նման տպավորություն ստեղծում»:
Հարակից հրապարակումներ`
- Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում հավանության արժանացավ
- ԲՀԿ դիրքորոշումը Հրայր Թովմասյանին առնչվող նախագծի վերաբերյալ կլինի առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում
- Քննարկվում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ՍԴ-ին ուղղված դիմումը
- ԼՀԿ-ն կողմ կքվեարկի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծին
- Դատական համակարգի վրա այսօր ճնշումներ չկան. ԲԴԽ նախագահ
- Դատավոր Նախշքարյան. Ինձ վիրավորում է, երբ ասում են՝ ես տեր եմ ման գալիս և վնգստում եմ դռների տակ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան