Համանախագահներն ընդգծում են բռնությունները նվազագույնի հասցնելու կողմերի ջանքերի դրական հետևանքները
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Իգոր Պոպովը՝ ՌԴ, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիա, և Էնդրյու Շոֆերը՝ ԱՄՆ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ առանձին և համատեղ հանդիպումներից հետո հանդես են եկել հայտարարությամբ։
Համանախագահների հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Նրանք հանդիպել են նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին, ԵԱՀԿ գործող նախագահին, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակին և ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին:
Հայտարարության մեջ ասվում է, որ համանախագահները երկու նախարարներին ներկայացրել են իրենց գործունեությունը՝ հունիսին Վաշինգտոնում անցկացվող համատեղ հանդիպումից ի վեր, այդ թվում նաև Փարիզում և Ժնևում անցկացված վերջին խորհրդակցությունները՝ հակամարտության հումանիտար և անվտանգության հարթություններում:
Համանախագահները նշել են ամառվա ժամանակահատվածում բռնությունները նվազագույնի հասցնելու կողմերի ջանքերի դրական հետևանքները, ներառյալ առկա ուղիղ հաղորդակցական կապերի օգտագործումը և խոր ափսոսանք հայտնել վերջին մահվան դեպքի կապակցությամբ:
Համանախագահները և նախարարները շարունակել են լարվածությունը նվազեցնելու և խաղաղության համար նպաստող մթնոլորտի պահպանման և բովանդակային բանակցություններին նպաստող լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ քննարկումները:
Վկայակոչելով իրենց՝ մարտի 9-ի հայտարարությունը, համանախագահները կողմերին կոչ են արել նվազագույնի հասցնել այնպիսի հռետորաբանության օգտագործումը, որը բորբոքող է կամ կանխակալ բանակցությունների արդյունքի համար:
Նշվում է, որ համանախագահները մտադիր են մոտ ապագայում այցելել տարածաշրջան:
Հարակից հրապարակումներ`
- Նյու Յորքում հանդիպել են Մնացականյանն ու Մամեդյարովը
- Նյու Յորքում մեկնարկել է ՀՀ ԱԳՆ ղեկավարի և Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը
- ԱՄՆ-ում Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում ձեռնպահ մնալ ցանկացած սադրիչ գործողությունից