«Ժողովուրդ». «Էս ի՞նչ են անում, ինչո՞ւ են մեր նկատմամբ էսպես վարվում»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սեպտեմբերի 24-ին «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը, ստանալով ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության մասին բացառիկ տեղեկությունը, հրապարակեց ArmLur.am կայքում: ՀՀ ոստիկանությունը հաստատեց մեր տեղեկությունը, հետո գրեցինք, թե ինչպես է դեպքը եղել, ինչ զենքով է կրակել և այլն: «Արժանապատիվ մարդ եմ, արժանապատիվ գեներալ: Հիմա իմ ողջ կյանքի արածը ջուրն է ընկնում… Էս ի՞նչ են անում, ինչո՞ւ են մեր նկատմամբ էսպես վարվում»,- ասել է նախկին բարձրաստիճան պաշտոնյան և ինքն իրեն գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում հասցրել»:
Նշենք, որ Հ. Հարությունյանը վերջին 1 տարվա ընթացքում շատ ընկճված է եղել, անտրամադիր ու մտահոգ: Նա ամիսներով փակվել է իր առանձնատանը, չի շփվել շատ մարդկանց հետ: Իսկ նրանք, ովքեր այս ընթացքում նրա հետ առերես կամ հեռախոսով խոսել են (այդ թվում և «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը), կարող են մտաբերել, որ Հայկ Հարությունյանը հաճախ է խոսել այն մասին, ինչ հրապարակել է ArmLur.am-ը` որպես նրա կյանքի վերջին րոպեներին արտահայտած մտքեր:
Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ ունի, որ Հայկ Հարությունյանը առաջիկա օրերին կրկին պետք է ՀՔԾ-ում հարցաքննվեր Վահագն Հարությունյանի կողմից փոխված պարկուճների գործով անջատված մասով: Բացի այդ` նաև մի քրեական գործ կա հարուցված ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչությունում գրանցված չարաշահումների մասով` ճիշտ այն ժամանակահատվածին վերաբերող, երբ ՀՀ ՔԿՀ ղեկավարը եղել է հենց Հայկ Հարությունյանը: Այսինքն` Հարությունյանի շուրջ օղակը ակնհայտորեն սեղմվում էր, և կալանավորումը անխուսափելի էր…
Իսկ ինչ վերաբերում է ArmLur.am-ի հրապարակմանը, ապա դրա ճշմարտացիությունը կապացուցվի ժամանակի ընթացքում, ինչպես եղել է տասնյակ քրեական գործերի դեպքում, երբ սկզբում բոլորը հարձակվել են մեզ վրա, ֆեյքերով հայհոյել են, համարել են «ծախու», բայց որոշ ժամանակ անց ճշմարտությունը հաղթել է:
Հիշեցնենք` 2016-ին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց, թե ինչպես է ՀՀ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանի թիկնապահը ՌՈ նախկին պետի տեղակալի սենյակում ապտակել ՊՆ փոխգնդապետին` ստիպելով ցուցմունք տալ գնդապետ Սամվել Խաչատրյանի դեմ: Ողջ երկրի իշխանությունը մեր դեմ դուրս եկավ, արդեն «ազգի դավաճան» էին հռչակել մեզ և այլն: Նույնիսկ ՌՈ աշխատակիցները գնացին լրագրողի տուն բերման ենթարկելու: Բայց դեպքերից 3 տարի անց «Ժողովուրդ» օրաթերթը և Քնար Մանուկյանը հասան նրան, որ ՊՆ գնդապետը արդարացվեց»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում