Կոմիտասի պարերգերը՝ մեկ ալբոմում
«Խազեր» երգչախումբը թողարկել է իր նոր ալբոմը, որտեղ տեղ են գտել 15 ուրախ տրամադրությամբ պարերգեր, բոլորը Կոմիտասի երգչախմբային մշակմամբ: Խմբի գեղարվեստական ղեկավար Անի Նավասարդյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ նպատակ ունեն թողարկել Կոմիտասի ստեղծագործությունների մի քանի ալբոմ. «Առաջինը պարերգերն էին, որ արդեն արել ենք, հերթի մեջ են հարսանեկան, աշխատանքային, հոգևոր երգերը»։
Խումբը ձայնագրությունները սկսել էր 2019 թ. հունիսից, նոր են ավարտել: Ձայնագրվել են Գյումրիում, Art music studio-ում, հնչյունային օպերատորն է Արթուր Եղիազարյանը։ Ալբոմի դիզայնը արել է Մկրտիչ Թադևոսյանը։
«Կոմիտասը ամենամաքուր հայկական երաժշտությունն է: Երկար տարիներ, օտար ճնշումների հետևանքով, մենք հեռացել ենք այդ երաժշտությունից ու տեսակից: Պրոֆեսիոնալ երաժիշտները կրթվել են եվրոպական դասական դպրոցի հիման վրա, իսկ ոչ պրոֆեսիոնալները շեղվել են դեպի արևելք: Չնայած Կոմիտասը գրում է, որ մեր երաժշտությունն ավելի շատ արևելյան է, քան եվրոպական, ամեն դեպքում ունի իրեն բնորոշ նրբությունները, որոնք բավականին տարբերվում են արևելքից իրենց էսթետիկայով: Դրա համար հիմա Կոմիտասի ճիշտ կատարումներ գտնելը բավականին բարդ գործ է: Մենք փորձել ենք երգերը երգել իրենց ճիշտ, հարազատ տեսակի մեջ: Հուսամ ստացվել է ու դրանից է կախված դրանց տարածումը, որովհետև ժողովուրդը պիտի զգա, որ դա իր հարազատ երգն է, որ սիրի, ոչ թե, օրինակ, իտալական օպերային ոճով կամ արևելյան կլկլոցներով զարդարված խառնուրդ»,- ասաց Ա.Նավասարդյանը:
«Խազեր» երգչախումբը երգում է հայ ազգային երաժշտություն՝ մասնավորապես Կոմիտաս: Երգչախումբը ստեղծվել է 2012-ին՝ կամավոր, երաժշտասեր երիտասարդների նախաձեռնությամբ: Երգչախմբում երգում են տարբեր մասնագիտությունների ու նախասիրությունների տեր երիտասարդներ (երաժիշտներ, բնապահպաններ, ազգագրագետներ…)։
Հարակից հրապարակումներ`
- Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումների շարք` Շիրակում
- Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ՝ Մոսկվայում
- «Գութան» Հայաստանի ավանդական երգի-պարի 6-րդ փառատոնը նվիրվում է Կոմիտասի 150-ամյակին
- «Գառնի»-ում թևածում էր Կոմիտասի և Թումանյանի շունչը
- «Գառնի» արգելոց-թանգարանում կկայանա երեկո՝ նվիրված Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակներին
- «Կոմիտաս-Թումանյան» ցուցահանդեսը՝ Նկարիչների միությունում
- Առաջին անգամ կհնչի Կոմիտասի «Անուշ» օպերայի հատվածների հիմքով Ա. Ոսկանյանի կողմից ամբողջացված տարբերակը
- «Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները. Կոմիտաս Վարդապետ և Հովհաննես Թումանյան»