Հողագործի ահազանգը. Ջուրը տվել են ՀԷԿ-ին, միլիոնավոր դրամների վնաս է կրել
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում գյուղատնտեսությամբ զբաղվող Սամվել Մուրադյանը։
Նա Երևանի բնակիչ է, Արմավիրում ավելի քան 72 հա հողատարածք է մշակում, ասում է՝ ջուր չլինելու պատճառով ինքն էական վնասներ է կրել։
«Գործարանի հետ մենք ունենք պայմանագիր՝ 1000 տոննա լոլիկ, 800 տոննա դդմում, 500 տոննա պղպեղ, մի խոսքով, մոտ 300 մլն դրամի չափով պայմանագիր է։ Մենք ապրանքը շուկայում չենք վաճառում, հանձնում ենք գործարաններին։ 25 օր շարունակ ջուր չլինելու պատճառով մենք չենք կարողացել ոռոգել»,-խնդիրը լրագրողներին ներկայացրեց հողագործը։
Չջրելու հետևանքով բույսի վրա եղած բանջարեղենը ոչ մեծացել է, ոչ էլ քաշ հավաքել։ Պնդում է, վճարել է ջրի համար։
«Առուները լցվել են, չենք մաքրել։ Երեք օր են ջուր տալիս, քանի որ առուները վատ վիճակում են, ջուրը ուշ է տեղ հասնում։ 2.5 օրում ջրում ենք 72 հա-ից 9-10 հա-ն։ Հետո էլի երեք օրով ջուրը կտրում են։ Մինչև հասնում ես վերջին, արդեն դառնում է 20 օր։ Բայց վերջին անգամ 9 օրով ջուր չեն տվել, ջուրը գնացել է Բերքաշատ գյուղի մոտ գտնվող ՀԷԿ»,-ասում է նա։
Սամվել Մուրադյանը վնասի չափի վերաբերյալ մոտավոր հաշվարկ է արել, դդումի մոտ 50 տոկոսն է փչացել, լոլիկի՝ 30։
«Լոլիկի մեկ կիլոն հանձնելու ենք 80 դրամով։ 1000 տոնայից 300 տոննան կորցրել ենք, դա կազմում է 240 մլն դրամ»,-ներկայացրեց նա՝ ավելացնելով, որ գործարանն իրեն 58 մլն դրամ կանխավճար է տվել, մինչդեռ ինքն այս պահին կարողացել է հանձնել ընդամնեը 16 մլն դրամի ապրանք։
Հողագործն առաջարկում է՝ անկախ մասնագետներից կազմված խումբ ստեղծել, որպեսզի գնահատեն վնասը, իսկ եթե պարզեն՝ վնաս չկա, պատրաստ է ներողություն խնդրել։
«Ես ասում եմ, խմբում թող ներկայացված լինի ջրային տնտեսության ներկայացուցիչ, բայց ամբողջ խումբը չպետք է նրանցից կազմված լինի։ Այդպես օբյեկտիվ չի լինի»,-ասաց հողագործը։