ԵԱՏՄ-ից արտահանումները դեպի Սինգապուր կազատվեն մաքսատուրքերից
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ համաձայնագրի ուժ մեջ մտնելուց հետո արտահանումները դեպի Սինգապուր կազատվեն մաքսատուրքերից: Այսպիով, Սինգապուրը պարտավորվում է ներմուծման մաքսատուրքեր չկիրառել ԵԱՏՄ երկրների արտադրանքի համար։
Սինգապուրի Հանրապետություն հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքման բանակցությունները իրականացվել են Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի «Սինգապուրի Հանրապետության հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման մասով բանակցություններ սկսելու մասին» թիվ 16 որոշման համաձայն։
Հաշվի առնելով Սինգապուրի Հանրապետության առևտրատնտեսական առանձնահատկությունները՝ բանակցություններն իրականացվել են ինչպես ապրանքների առևտրի, այնպես էլ ծառայությունների և ներդրումների իրականացման մասով։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 21-ի «Սինգապուրի Հանրապետության հետ առևտրատնտեսական համագործակցության աշխատանքների կազմակերպման որոշ հարցերի մասին» թիվ 26 կարգադրության համաձայն՝ ամրագրվել է վերոնշյալ երկու ուղղություններով բանակցային գործընթացների զուգակցման սկզբունքը՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների իրավասությունների տարանջատման, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ընդհանուր համակարգման անհրաժեշտության հարցերը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 22-ի թիվ 27 կարգադրությամբ հաստատված՝ Սինգապուրի Հանրապետության հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման բանակցությունների անցկացման Դիրեկտիվների համաձայն՝ ապրանքների, ծառայությունների և ներդրումների շուկա մուտքի ազատականացման մասով համաձայնությունների հիման վրա պետք է ձևավորվի Սինգապուրի հետ արտոնյալ առևտրի մասով փոխադարձ պարտավորությունների միասնական փաթեթ։
Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև համաձայնեցվել է փաթեթային համաձայնությունների ամրագրման հետևյալ ձևաչափը.
ԵԱՏՄ անդամ պետությունների և Սինգապուրի Հանրապետության միջև համաձայնագիր՝ ապրանքների առևտրի մասով,
Երկկողմ համաձայնագրեր ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ պետության և Սինգապուրի Հանրապետության միջև՝ ծառայությունների առևտրի և ներդրումների իրականացման մասով,
ԵԱՏՄ անդամ պետությունների և Սինգապուրի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին շրջանակային համաձայնագիր։
Սինգապուրի Հանրապետության հետ անցկացվել է թվով 7 բանակցային փուլ, որոնց շրջանակներում բանակցություններ են տարվել նաև Շրջանակային համաձայնագրի կնքման մասով, որի նպատակն է ձևավորել պայմանավորվածությունների «փաթեթ»՝ «ապրանքներ + ծառայություններ + ներդրումներ» ձևաչափով, ինչպես նաև երկկողմ բանակցություններ ծառայությունների առևտրի և ներդրումների իրականացման համաձայնագրերի կնքման վերաբերյալ։
Համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ միջավայր և պայմաններ փոխադարձ առևտրային հարաբերությունների զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում Կողմերի միջև տնտեսական համագործակցության խթանման համար, ինչպես նաև վերացնել Կողմերի միջև առևտրային և ներդրումային խոչընդոտները, նվազեցնել բիզնեսի ծախսերը և բարձրացնել տնտեսական արդյունավետությունը:
Համաձայնագրով ներառված են այնպիսի բաժիններ, ինչպիսիք են` «Ապրանքների առևտուրը», «Առևտրի պաշտպանական միջոցները», «Ապրանքների ծագումը որոշելու կանոնները», «Առևտրի տեխնիկական խոչընդոտները», «Մաքսային համագործակցությունը և առևտրի դյուրացումը», «Սանիտարական և բուսասանիտարական միջոցառումները», «Մտավոր սեփականությունը», «Էլեկտրոնային առևտուրը», «Պետական գնումները», «Մրցակցությունը», «Էկոլոգիա»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան