Բացվեց Սիլվա Կապուտիկյանի արձանը
Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցում տեղի ունեցավ բանաստեղծուհու արձանի բացումը: Հեղինակը Լևոն Թոքմաջյանն է: Լրագրողների հետ զրույցում քանդակագործն ասաց, որ Ս. Կապուտիկյանի մարմար քանդակն իր նվերն է դպրոցին բանաստեղծուհու 100-ամյակի առիթով։
«Ես մտածեցի, որ Սիլվայի կերպարը պետք է ստեղծեմ այնպես, ինչպես առաջին անգամ իրեն հանդիպել եմ՝ ծիծաղը երեսին, ժպտերես, իր բարի վերաբերմունքով։ ինձ շատ դժվար էր վերականգնել այդ զգացողությունը։ Հեշտ կլիներ վերցնել մի լուսանկար, բայց իմ խնդիրը դա չէր, այլ վերարտադրել իմ հիշողությունը։ Ինչքան ինձ հնարավորություն եղավ,... ինձ հաջողվել է։ Ինձ շատ օգնեցին իր տուն-թանգարանի աշխատողները»,- ասաց Լ. Թոքմաջյանը։
Նրան թվում է, որ Սիլվա Կապուտիկյանն որպես աղավնի այսօր ծվարել է իր անունը կրող դպրոցի բակում։
«Սա է արվեստագետի երջանկությունը»,- ասաց նա։
Լ. Թոքմաջյանը նշեց, որ բավականին երկար է աշխատել արձանի վրա, քանի փնտրտուքի մեջ է եղել, արել է, քանդել, «չէր ստացվում այն Սիլվան, որ ուզում էի»։
Նշենք, որ այս տարվա ընթացքում Հայաստանում անցկացվում են մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներ
Ս. Կապուտիկյանը ծնվել է 1919թ. հունվարի 20-ին Երևանում, Վանից գաղթած ընտանիքում։ Սովորել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցում։ 13 տարեկանում գրել է իր առաջին բանաստեղծությունը, որը տպագրվել է «Պիոներ կանչ» թերթում։ Նրա հայրը՝ Բարունակ Կապուտիկյանը, ազգային գործիչ էր, խմբագրիչ, ով մահացել է 1919-ին՝ դստեր ծննդից ամիսներ հետո, խոլերայից։
1936-1941 թվականներին սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում, 1950 թվականին՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացներին։ 1945 թվականին լույս է տեսել «Օրերի հետ» բանաստեղծությունների առաջին ժողովածուն, այնուհետև հրատարակել է 60-70 գիրք` բանաստեղծություններ և արձակ` հայերեն, ռուսերեն, անգլերեն, վրացերեն, լիտվերեն, ուկրաիներեն, թուրքերեն և այլ լեզուներով: 1952 թվականին «Իմ հարազատները» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է ԽՍՀՄ, իսկ 1988թվականին` ՀԽՍՀ Պետական մրցանակների: Նույն թվականին ստացել է նաև իտալական «Նոսիդիե» գրական մրցանակ: Ունի մանկական ստեղծագործությունների մոտ 40 հրատարակություն: 1962 թվականից եղել է Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի, Եթովպիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Հարավային Ամերիկայի, Գերմանիայի, Ավստրիայի, Իրանի, Երուսաղեմի սփյուռքահայ գաղթօջախներում և իր հիշողություններն այդ ամենի մասին ամփոփել է ուղեգրություններում, որոնցից բացառիկ են «Քարավանները դեռ քայլում են», «Խճանկար հոգու և քարտեզի գույներից», «Քարավանները հեռանում են», «Իմ կածանը աշխարհի ճանապարհներին» գրքերը: Կյանքի վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարել հրապարակագրության ոլորտում` «Իմ ժամանակը», «Չեմ կարող լռել», «Վերջին զանգ»: 1970 թվականին արժանացել է ՀԽՍՀարվեստի վաստակավոր գործչի, 1980 թվականին` Վրաստանի մշակույթի վաստակավոր աշխատողի, ապա` Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներին: 1998 թվականին Քեմբրիջի միջազգային աշխարհագրական ինստիտուտի կողմից ստացել է «Տարվա կին» տիտղոսը: Պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով ու շքանշաններով: Եղել է Գրողների միության նախագահության անդամ, սփյուռքի հետ մշակութային կապերի կոմիտեի նախագահության անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, «Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության», Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիաների անդամ: Ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: Մահացել է 2006 թվականին, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում:
Հարակից հրապարակումներ`
- «Երբեք չենք կարող սպառել մեծերին, Կապուտիկյանին հատկապես»
- Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը» թեմային
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան