Ադրբեջանական, ռուսական փողերի լվացմամբ հայտնի Danske բանկի նախկին նախագահը մահացած է հայտնաբերվել
Երկու օր որոնումներից հետո Էստոնիայի ոստիկանությունը գտել է երկրի Danske բանկի նախկին նախագահ Այվար Ռեհի դին՝ իր պարտեզում։ Այս մասին գրում է հայտնում է Deutsche Welle-ն:
Էստոնիայի Danske բանկը ներգրավված էր 2007 թ.-ից մինչև 2015 թվականները ռուսական ու ադրբեջանական փողերի լվացման խոշոր սկանդալի մեջ: Բանկի 10 աշխատակիցներ մեղադրվում էին փողերի լվացման մեջ, բայց Ռեհը նրանց մեջ չէր:
Էստոնական ԶԼՄ-ները հայտնում են, որ 56-ամյա Ռեհը, հավանաբար, ինքնասպանություն է գործել:
Նշվում է, որ մարտին էստոնական ամսագրին տված հարցազրույցում Ռեհն ասել էր, որ ինքը վստահ էր, որ բանկի մեխանիզմները համարժեք էին փողերի լվացումը կանխելու համար։ Չնայած սրան՝ խոստովանել էր իր պատասխանատվությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Danske Bank-ի ներքին ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ 2007-ից 2015թթ.-ներին էստոնական մասնաճյուղով 15 հազար օտարերկրյաքաղաքացիներ իրականացրել են 9.5մլն գործարքներ, որը կազմել է 200 միլիարդ եվրո։ Այդ գործարքներն իրականացնող անձանցից 6200-ը ճանաչված են եղել «շատ կասկածելի»։
ԶԼՄ-ների հաղորդմամբ, էստոնական մասնաճյուղում միլիարդավոր անօրինական ռուսական ու նաև ադրբեջանական գումարներ են լվացվել, որոնց վերաբերյալ բացահայտումներ էր արել բրիտանական The Guardian-ը՝ իր «Ադրբեջանական լվացքատուն» հետաքննական հոդվածում։
The Guardian-ը գրել էր, որ Ադրբեջանի իշխող վերնախավը 2.9 մլրդ դոլարի գաղտնի ծրագիր է իրագործել՝ հայտնի եվրոպացիներին վճարելու, շքեղ ապրանքներ ձեռք բերելու և ոչ թափանցիկ բրիտանական ընկերությունների միջոցով փող լվանալու համար:
Հարակից հրապարակումներ`
- Էստոնիան ձերբակալել է Danske բանկի աշխատակիցների՝ ադրբեջանական ու վրացական փողերի լվացման համար
- 9.5մլն գործարք, 200մլրդ դոլար. Danske Bank-ն իմացել է սև ցուցակում գտնվող ռուս հաճախորդների մասին