Կոստանյանի զգուշացումը իրավապահներին. «Ովքեր թույլ կտան կամ արդեն թույլ են տվել ապօրինություններ, անպայման կրելու են պատասխանատվություն»
Արդարադատության նախկին փոխնախարար, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն անդրադարձել է իրեն մեղադրանք առաջադրելու հայտարարությանը, ըստ որի՝ 2008-ի մարտի 1-ի դեպքերից հետո Կոստանյանն ու Գևորգ Մհերյանը պահանջել են հետին ամսաթվով կազմել և պաշտոնական շրջանառության մեջ դնել 2008-ի մարտի 1-2-ին ոստիկանության կատարած գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր:
Գևորգ Կոստանյանի պաշտոնական հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Մամուլից տեղեկացա, որ ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու որոշման մեջ առկա են նաև իմ և իմ հանգուցյալ ընկեր Գևորգ Մհերյանի անունները, և փորձ է արված ինչ-որ հանցագործությունների կատարման մեջ մեղադրել մեզ: Մամուլում հրապարակված նյութից պարզ է դառնում, որ ես և Գևորգ Մհերյանը մեղադրվում ենք ոստիկանության պետին ինչ-որ ցուցումներ ու հանձնարարականներ տալու մեջ, ինչն, ի դեպ, բացարձակ հերքում է հենց այդ մտացածին ցուցումների և հանձնարարականների հասցեատեր Ալիկ Սարգսյանը: Միայն այսքանը բավարար է արձանագրելու, որ իմ և Գևորգ Մհերյանի անվան հետ կապվող մեղադրանքներում առողջ բանականությունից բացի բացակայում է նաև որևէ իրավական հիմք:
Ակնհայտ է դառնում, որ Մարտի 1-ի զոհերի համար իրական մեղավորներին գտնելու անկարողությունը քողարկելու նպատակով փորձ է արվում քրեական գործում հնարավորինս մեծ թվով հնչեղ անուններ ներգրավելով` ստեղծել արդյունավետ գործունեության պատրանք: Համոզված եմ, որ եթե նույնիսկ ՀՀ ,նորե իրավապահ համակարգը մեղադրանք առաջադրի և կալանավորի 2008-2018 թվականներին որևէ պաշտոն զբաղեցրած բոլոր անձանց, միևնույնն է դրանով չի մոռացվելու այն հարցը, թե, ի վերջո, ո՞վ կամ ովքե՞ր են Մարտի 1-ի տաս զոհերի և հարյուրավոր վիրավորների համար իրական պատասխանատուները:
Այդ կապակցությամբ կարծում եմ, որ քրեական իրավունքի դասագրքերը մեր երկում այլևս արժեք չունեն և ենթակա են փոփոխման, քանի որ մերօրյա, իրավաբաններիե իրականացված քրեական արդարադատությունն ուղղակի հակասության մեջ է անգամ դասագրքային ճշմարտությունների հետ: Նաև ցանկանում եմ ընդգծել, որ ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով նախատեսված բոլոր հնարավորություններն օգտագործելու եմ այս անհեթեթ մեղադրանքներից իմ, ինչպես նաև Գևորգ Մհերյանի անունը պաշտպանելու համար:
Մյուս կողմից ցանկանում եմ հիշեցնել մեր ողջ իրավապահ համակարգին, որ նրանք, ովքեր իրենց գործունեության ընթացքում թույլ կտան կամ արդեն թույլ են տվել ապօրինություններ, անպայման կրելու են անձնական քրեական և բարոյական պատասխանատվություն իրենց գործողությունների համար` օրենքի տառին համապատասխան:
Մամուլում առկա տեղեկատվության հիման վրա այս պահին այսքանը: Մեղսագրվող արարքների մասին ընդհանրապես և հանցակազմի հատկանիշների մասին` մասնավորապես, հանգամանորեն կխոսեմ ավելի ուշ»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան