Քաղաքագետ. ԼՂ խնդրի կարգավորման մասին Փաշինյանի ձևակերպումները շատ վտանգավոր են
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը պարզ պոպուլիզմ է որակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԼՂ խնդրի վերաբերյալ հայտարարությունը։
«Չեն կարող հակամարտող կողմերը խնդրի լուծման որևէ տարբերակի պարագայում իրենց շահը լիարժեք բավարարված, իրենց լիարժեք պաշտպանված զգալ»,-Panorama.am-ի հետ զրույցում կարծիքն այսպես հիմնավորեց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ ելույթ ունենալով ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին՝ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել է.
«Իմ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից ես քայլեր եմ ձեռնարկել հենց այս համատեքստում: Այս նպատակով, ես հանդես եկա հայտարարությամբ, որում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար:
Հատկանշական է, որ ես առաջին հայ ղեկավարն էի, ով նման դիրքորոշում հայտնեց հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ինձ խստորեն քննադատեցին իմ երկրում լուծման այնպիսի բանաձևի համար, որը հավասարության նշան է դնում հակամարտության 3 կողմերի միջև: Այդուամենայնիվ, ես հավատում եմ, որ դա հակամարտության խաղաղ լուծման բանալին է, քանի որ այն ենթադրում է փոխզիջման, փոխադարձ հարգանքի և հավասարակշռության հնարավորություն»։
Վերլուծաբանն առավել վտանգավոր է համարում Փաշինյանի հայտարարության այն հատվածը, որտեղ նշվում է, թե ինքն առաջին հայաստանցի առաջնորդն է, ով մտածում է Ադրբեջանի ժողովրդի շահերի մասին։
«Իր տրամաբանությամբ, ինքն իրեն այդպես հակադրում է Հայաստանի մյուս առաջնորդների հետ, ովքեր չեն մտածել համընդհանուր շահի մասին, այլ մտածել են միայն հայկական կողմի շահի մասին։ Այդպիսով նա ոչ անմիջական, բայց պատասխանատվություն է դնում Հայաստանի վրա հակամարտության՝ մինչ օրս չկարգավորված լինելու համար։ Նա, ըստ էության, ասում է, որ միակողմանի են նայել խնդրին, հետևաբար հակամարտությունը չէր լուծվում, իսկ հիմա էլ Ալիևն է միակողմանի նայում, ինչը նորից խնդիր է առաջացնում»,-մանրամասնում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Քաղաքագետի խոսքով, նման ձևակերպումները շատ վտանգավոր են իրենց մեկնաբանության մեջ, քանի որ ակնհայտ տրամաբանական շղթա է երևում։ Նա ընդգծում է, որ ԼՂ խնդրի՝ փոխադարձ ընդունելի կարգավորման սկզբունքը մշտապես եղել է։
«Կողմերի համար փոխադարձ ընդունելի լուծման մասին միշտ խոսել են և Մինսկի խմբի համանախագահները, և համանախագահող երկրները, պաշտոնական Երևանն էլ մշտապես խոսում է փոխզիջումների հիման վրա հարցի կարգավորման մասին։ Ինչո՞ւ չեն ասում Ադրբեջանի կամ Հայաստանի շահ ու հենց այդ փոխզիջումային բառն են օգտագործում։ Մի պարզ պատճառով, թե ադրբեջանական կողմը, թե հայկական կողմն իրենց ձգտումների մեջ ակնհայտորեն մաքսիմալիստ են»,-բացատրում է վերլուծաբանը։
Նա պնդում է՝ հայ հանրությունը երբեք չի համաձայնի որևէ տարածք տալ Ադրբեջանին, ադրբեջանցիներն էլ երբեք համաձայն չեն լինի Արցախի մի հատվածով բավարարվել, նրանց պետք է ամբողջ Արցախը՝ առանց այնտեղ ապրող հայերի։
«Նրանց պետք է նաև Հայաստանի Հանրապետության որոշ տարածքներ, ինչի մասին բաց տեքստով խոսում են։ Այս պարագայում խոսել այնպիսի լուծման մասին, որ բոլորի շահերը բավարարված լինեն, ինչպես արդեն ասացի, պարզ պոպուլիզմ է։ Այստեղ ամբողջ խնդիրն այն է, որ հարցը քաղաքական լուծում չունի ու մինչ այս պահը Փաշինյանը դա չի հասկացել։ Նա փորձում է Հայաստանը ներկայացնել որպես պատրաստակամ կողմ, բայց պատրաստակամության ցուցադրման պրոցեսում այնքան հեռու է գնացել, որ միջազգային հանրությունն առաջին անգամ տարաձայնություններ տեսավ պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի հարաբերություններում։ Եվ դա որպես խնդրո առարկա իրողություն քննարկվում է և փորձագիտական, և քաղաքագիտական շրջանակներում։ Խոսքս դիվերսանտներին հետ հանձնելու պաշտոնական Երևանի պատրաստակամության ու Ստեփանակերտի՝ դրան դեմ դուրս գալու մասին է»,-ամփոփեց քաղաքագետը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը՝ ՄԱԿ-ում. Ադրբեջանի իշխանությունների նպատակը ոչ թե ԼՂ հակամարտության լուծումն է, այլ վրեժխնդրությունը
- Փաշինյան. Ես Հայաստանի առաջին առաջնորդն եմ, որ ասում է՝ ԼՂ խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի ադրբեջանցիների համար
- Դավիթ Բաբայան. Դիվերսանտներին Բաքվին հանձնելը սարսափելի հետևանքներ է առաջացնելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան