Վրաստանի խորհրդարանում կին պատգամավորն ապտակել է գործընկերոջը
Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր կրքերը շիկացել են, ինչի հետևանքով անկախ պատգամավոր Էկա Բեսելիան ապտակել է խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ, նախկին կուսակից Վանո Զարդիաշվիլիին։
Էկա Բեսելիան «Վրացական երազանք» կուսակցությունից դուրս էր եկել մոտ կես տարի առաջ, չնայած այդ քաղաքական ուժի առաջնորդներից էր։ Ազդեցիկ պատգամավորի ու նախկին կուսակիցների միջև կոնֆլիկտ առաջացել էր դատավորների նշանակման հարցի քննարկման ժամանակ։
«Նովոստի-Գրուզիա»-ն գրում է, որ հանձնաժողովում այսօր էլ նույն հարցն էր քննարկվում։ «Վրացական երազանք»-ը լքած մեկ այլ գործիչ՝ Գեդևան Պոպխաձեն Զարդիաշվիլիին ասել է, թե շատ բան է լսել նրա բարոյականության մասին։ Զարդիաշվիլին էլ հակադարձել է՝ Պոպխաձեն նույնքան բարոյականություն ունի, որքան Բեսելիան։ Դրանից հետո Էկա Բեսելիան մոտեցել է Զարդիաշվիլիին ու հարվածել դեմքին։
Երբ նիստը վարողը պահանջել է, որ կին պատգամավորը լքի դահլիճը, վերջինը հակադարձել է. «Որևէ մեկից չեմ պատրաստվում ներողություն խնդրել։ Յուրաքանչյուր նման անբարոյական պրովոկացիայի պատասխան կտրվի»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում