Ինչ խնդիրներ են լուծվելու «Կուսակցությունների մասին» օրենքում, ԸՕ-ում փոփոխություններով
Օրենսդրական փոփոխությունների աշխատանքային խումբն աշխատում է «Ընտրական օրենսգրքի», «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների վրա։ «Մեդիա կենտրոնի» կազմակերպած հարցազրույց-ասուլիսում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, օրենսդրական փոփոխությունների աշխատանքային խմբի համակարգող Համազասպ Դանիելյանն ասաց, որ այս փուլում հիմնականում անդրադառնում են «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքին և «Ընտրական օրենսգրքի» այն հատվածին, որն առնչվում է քարոզարշավի ֆինանսավորմանը։ Նա չբացառեց, որ նույն փաթեթում հնարավոր է ընդգրկվի նաև հանրաքվեների ֆինանսավորման կարգավորման հարցը։
«Մենք մի քանի խնդիրներ ենք սահմանել. այս փոփոխությունները նախ և առաջ դիտարկում ենք որպես հակակոռուպցիոն միջոց, որը երաշխավորելու է կուսակցություններին թափանցիկ գործունեությունը, միաժամանակ հնարավորություն է տալու հաշվետվողականությանը զուգահեռ ավելի ընդլայնված հնարավորություններ ունենալ հանրային միջոցներով իրենց գործունեությունը ծավալելու համար։ Խոսքը հավասարակշռված մոտեցման մասին է»,- ասաց Հ. Դանիելյանը։
Նա նշեց, որ փոփոխությունների նախագծման պատրաստման փուլում ներգրավել են ԱԺ բոլոր խմբակցություններին, ստացել են նաև տարբեր առաջարկներ ՀԿ-ներից, քաղաքացիներից, տեղական և միջազգային փորձագետների անմիջական, գործուն մասնակցությունը կա։
Հ. Դանիելյանն ասաց, որ երբ փոփոխությունները փաթեթը դնեն շրջանառության, նորից կազմակերպելու են քննարկումներ, հոկտեմբերի 18-ին լինելու են խորհրդարանական լսումներ։
Նրա խոսքով, լավ օրենքը դեռ երաշիք չէ լավ ընտրությունների համար, բայց դա անհրաժեշտ պայման է։
«Մենք 2018 թվականի դեկտեմբերին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում, դրանից առաջ Երևանի ավագանու ընտրություններում, համոզվել ենք, որ անգամ վատ կարգավորումների պարագայում հնարավոր է ունենալ լավ կազմակերպված ընտրություններ։ Մեր խնդիրն այն է, որ ունենանք էլ ավելի լավ կազմակերպված ընտրություններ ավելի բարենպաստ, ժողովրդավարական խաղի կանոներով, այսինքն օրենսդրությամբ»,- ասաց Հ. Դանիելյանը։
Նա նաև նշեց, որ օրակարգում են Սահմանադրական փոփոխությունները։ Հ. Դանիելյանի խոսքով, արդարադատության նախարարության ռազմավարությունում նշված է 2020 թվականի սկզբին աշխատանքային խմբի ձևավորման մասին։
«Մեր փոփոխությունների տրամաբանությունն «Իմ քայլի» իշխանությունն ամրապնդելու, հավերժացնելու, ցեմենտելու գաղափարը չէ, հակառակը՝ Հայաստանի ժողովրդավարական զարգացումն էլ ավելի խորն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելն է»,- նշեց նա։
Պատգամավորն ասաց, որ «Իմ քայլը» դաշինքին, կառավարությանը՝ վարչապետի ղեկավարությամբ, տրված վստահության ռեյտինգը ոչ միայն կասից ավելի է, այլ 60-70 տոկոսի շրջանակում է, ինչը կարևոր մանդատ է շատ դժվար փոփոխությունների իրականացման համար։ Միաժամանակ Հ.Դանիելյանն ասաց, որ, ընդհանրապես, երբ խոսում են ժողովրդավարության մասին, ժողովրդավարական երկրներում, որոնք 100-200 տարի անցել են ճանապարհ, ընտրություններում իշխանության եկած ուժը, որն ընտրություններում հավաքել է 40-50-60 տոկոս, կարող է ընտրություններից վեց ամիս, մեկ տարի հետո ունենալ 30 տոկոս։
Հարակից հրապարակումներ`
- «Կուսակցությունների ֆինանսավորում» թեմայով քննարկումը այդքան էլ չէր հետաքրքրել կուսակցականներին
- «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծում փոփոխությունները կատարելիս զգույշ ենք եղել. Ա.Հովհաննիսյան
- «Կուսակցությունների մասին» օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվեց
- «Կուսակցությունների մասին» խոսում են ՀՀԿ-ից
- Արդարադատության նախարարի համար «Կուսակցությունների մասին» օրնագիծը առանց «դոգմատիկ ճշմարտությունների» է
- Քաղաքագետ. «Կուսակցությունների մասին» օրենքն ավելի կարևոր է, քան Ընտրական օրենսգիրքը